03-02-2014 20:29

Քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում գործընկեր և քույր քաղաքների հետ. ՙՄենք իրականում շատ անելիքներ ունենք Երևանի և Իսրայելի քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Այսօր երկու պետությունների քաղաքների միջև փոխգործակցություն չկա և, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում՚,- ընդգծել է քաղաքապետը: Շմուել Մեիրոմն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Իսրայելի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. ՙԱյսօր իսկապես կան բոլոր նախադրյալները փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ՚,- նշել է Շմուել Մեիրոմը:
Հանդիպման շրջանակում դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել նաև այս տարվա մայիս-հունիս ամիսներին Իսրայելում անցկացվող քաղաքապետերի 29-րդ միջազգային համաժողովին մասնակցության հրավերը, որի շրջանակում քննարկվելու են քաղաքաշինական ինովացիաներին վերաբերող հարցեր: