Բավ է պառակտվել
09-12-2015 13:18

Ադրբեջանի կողմից տանկի կիրառումը լարվածությունը բարձրացնելու վտանգ է պարունակում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին: Մասնավորապես, Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125 մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում: Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Դեսպան Ա. Կասպշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել: