Բավ է պառակտվել
29-07-2016 09:03

Ալիկանտե քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես են եկել այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը:

Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում խիստ կարևորել է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր:

Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը (PSOE, GUANYAR, COMPROMIS կուսակցությունները) քվեարկել է հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման:

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այս հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։