27-08-2015 12:11

Իրարանցում «Զվարթնոց» օդանավակայանում

Առավոտյան ժամը 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ իրարանցում էր ու խառնաշփոթ: «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության՝ օգոստոսի 27-ի ժամը 04:25-ին Երևան-Վիեննա չվերթն այդպես էլ չի իրականացվել: Երկու հարյուր ուղևորները մի քանի ժամ շարունակ անորոշության մեջ են եղել, նրանց հստակ ոչինչ չի ասվել: Ուղևորներից մեկը պատմեց, որ ժամը 5-ից սկսած յուրաքանչյուր կես ժամը մեկ իրենց ասել են՝ քիչ անց կթռնի: Այդ ընթացքում ուղևորներին ոչ ջուր են առաջարկել, ոչ սնունդ: Առավոտյան արդեն 8-ին իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, գործին խառնվել են ոստիկանության ու օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները: «Երեխաները քնել էին, ուր պատահի: Անորոշության մեջ էինք, հստակ ոչ մի բան չէր ասվում, մի անգամ ասացին, երևի տեխնիկական խնդիրներ կան: Պատմեցին, որ ուղևորներից մի քանիսին անգամ ինքնաթիռ են նստացրել, հետո նորից իջացրել»,-ասաց ուղևորը: Բարձրացրած աղմուկից հետո ուղևորներից մի քանիսի տոմսերը փոխում են, մի քանիսին հյուրանոց տրամադրում, մյուսներին խորհուրդ են տալիս հասնել ընկերության՝ Ալեք Մանուկյան հասցեում տեղակայված գրասենյակ: Ուղևորներից շատերին էլ ասում են՝ գնացեք տուն, կզանգահարենք:  «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության՝ Նոնա անունով աշխատակիցն ասաց, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել: Այս պահին ուղևորների տոմսերն են փոխում, նոր թռիչք է լինելու»: Թե երբ է կայանալու Երևան-Վիեննա լրացուցիչ թռիչքը, ինչո՞ւ են ընկերությունում ինքնաթիռի տեխնիկական խնդիրների մասին իմացել վերջին պահին, ինչո՞ւ ուղևորների պահանջները չեն բավարարվել: Այս հարցերին ընկերության ներկայացուցիչը չպատասխանեց, ասաց՝ իրենց խանգարում ենք, գրավոր հարցերի դեպքում կպատասխանեն: