Բավ է պառակտվել
21-07-2015 13:20

Ինտերպոլը դադարեցրել է Յանուկովիչի հետախուզումը

Ինտերպոլը դադարեցրել է Ուկրաինայի նախկին նախագահի հետախուզումը: Այդ մասին հայտնել է Joseph Hage Aaronson փաստաբանական ընկերությունը, որը ներկայացնում էր նախկին նախագահի ընտանիքի շահերը: «Յանուկովիչն այլևս չի երևում հետախուզվող անձանց ցանկում»,- ասված է հայտարարության մեջ: 
Ինտերպոլը հանել է Ուկրաինայի նախկին նախագահի քարտը այն բանից հետո, երբ փաստաբանները բողոք են ներկայացրել՝ հայտարարելով, որ Յանուկովիչի դեմ քրեական գործը քաղաքական բնույթ է կրում: Այդ առնչությամբ հուլիսի 16-ին Ինտերպոլը հանել է նրա անունը իր կայքում տեղադրված հետախուզվող անձանց ցանկից: 
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ուկրաինայի Գերագույն խորհուրդը օրենք է ընդունել Յանուկովիչին երկրի նախագահի կոչումից զրկելու մասին: Ռադան վաղաժամ դադարեցրել է Յանուկովիչի լիազորությունները 2014 թվականի փետրվարի 22-ին:
Ուկրաինայում Յանուկովիչի դեմ մի քանի քրեական գործ է հարուցված: Հունվարի 20-ին Կիևի դատարանը որոշել է կալանավորել նախկին նախագահին: Ավելի վաղ Ինտերպոլը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել: Նրա համար տրամադրվել էր այսպես կոչված կարմիր քարտ՝ դիմում ձերբակալման և Ուկրաինա արտահանձնելու համար «քրեական հետապնդման և պատիժ կրելու նպատակով»: Բացատրվում էր, որ քաղաքական գործիչը հետախուզվում է իր երկրի դիմումի համաձայն խոշոր ֆինանսական միջոցներ գողանալու և ֆինանսական միջոցների գողությանը մասնակցելու համար: