Բավ է պառակտվել
16-01-2015 12:58

Օտարերկրյա լրատվամիջոցները՝ Գյումրիի բախումների մասին

Օտարերկրյա առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են Գյումրիում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներին:

Այսպես, բրիտանական «The Guardian»-ը անկարգությունների մասին հետեւյալ վերնագրմամբ հոդված է հրապարակել. «Հայաստանում զանգվածային բողոքի ցույցեր են, սպանությունը՝ Մոսկվայի նկատմամբ հավատարմության թեստ»:

Իր հերթին, Euronews-ը գրում է Հայաստանի փողոցներ դուրս ելած հազարավոր ցուցարարների մասին, ովքեր պահանջում են մեկ ընտանիքի 6 անդամներին գազանաբար սպանած ռուս զինվորին հանձնել հայկական արդարադատությանը: «Այս գործը երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա Կրեմլի ազդեցության աստիճանի փորձությունն է: Ռուսաստանը Հայաստանի առանցքային դաշնակիցն ու առեւտրային գործընկերն է, Հայաստանի միացել է Մաքսային միությանը», - նշվում է հոդվածում:

Բրիտանական BBC-ն գրում է, որ Ռուսաստանը խոստացել է հետաքննել գործը, սակայն մինչեւ օրս հրաժարվում է զինվորին հանձնել հայկական իշխանություններին: «Միջադեպը հանգեցրել է Հայաստանի (Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի մոտ դաշնակցի) եւ Ռուսաստանի միջեւ լարվածության աճին», - գրում է հեղինակը:

Associated Press գործակալության հրապարակած հոդվածում նշվում է, որ ռուս զինվորին բռնել են երեքշաբթի, սակայն դեռ անհայտ է՝ ռուսական կողմն, արդյոք կհանձնի՞ նրան Հայաստանին: «Մինչեւ օրս Ռուսաստանը՝ Հայաստանի գլխավոր հովանավորն ու դաշնակիցը, միայն ցավակցություն եւ հետաքննությանը օգնելու պատրաստակամություն է հայտնել», - գրում է գործակալությունը: