Բավ է պառակտվել
21-07-2014 14:54

Սևանի ջրի 60 տոկոսն արդեն անպիտան է իշխանի համար.մասնագետ

«Կառավարությունը հորերը շահագործելու թուլտվություն է տվել առանց մասնագետների կարծիքի: Դրանից են բխում նաև Սևանից ջրի բացթողումների ավելացումները: Մենք ունենք տարածք և բարդ համակարգ, որն արդեն խախտված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մտահոգություն հայտնեց բնապահպան Ինգա Զառաֆյանն ու հավելեց. «Պատճառաբանությունները տարբեր են՝ կլիմայի փոփոխություն, երաշտ, բայց իրականում նման բան տեսնում ենք, որ չկա: Բացի այդ, նույն այդ կլիմայի փոփոխությունը կարող է ազդել Սևանի վրա, որի արդյունքում նույնիսկ հնարավոր է Սևանը կորցնենք»: Բանախոսի խոսքով Սևանից 270 մլն խմ ջրի բացթողումներ անելու որոշմանը փորձագետները կատեգորիկ դեմ են: Ըստ Ինգա Զառաֆյանի ՝ պարզվել է, որ 5 խմ ևս ավելացրել են: Արդեն 170 մլն բաց են թողել, մինչև օգոստոսի 16-ը ևս մեծ քանակությամբ բացթողում պիտի լինի ու նախատեսում են բացթողման նոր ծրագիր ներկայացնել: «Հիմա արդեն ջրի բացասական բալանս կա: Մոտ 9-10 սմ-ով Սևանի մակարդակն իջել է: Նախարարների խոսքերը մնում են խոսքեր, բացթողումները՝ բացթողումներ: Այդ նոր որոշումները սարսափելի հետևանքներ կթողնեն»: Բնապահպանը վստահեցրեց, որ Սևանի ջրի 60 տոկոսն արդեն անպիտան է իշխանի համար: Նա նշեց, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով Սևանի վիճակը շատ վատ է: «Նախկին նախարարը 7 տարվա ընթացքում Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը բերեց կատաստրոֆիկ վիճակի: Հիմա էլ ինչ-որ խաղ է գնում ջրի կառավարման հետ և տվյալները փորձում են փակել: Վիճակը շատ անկառավարելի է ու հղի է մեծ վտանգով»,- նշեց Ինգա Զարաֆյանը և հավելեց, որ ջուրը ստրատեգիկ նշանակություն ունի: