Բավ է պառակտվել
13-03-2014 13:40

Ինչո՞վ են զբաղված ՛՛ֆայլա-բազար՛՛-ում կանգնած տղամարդիկ

Կրկեսին հարակից Ագաթանգեղոսի փողոցում արդեն տարիներ շարունակ կանգնում են մի խումբ տղամարդիկ, ովքեր օրվա հացի կռիվ են տալիս: Կանգնում են շոգին, ցրտին, անձրևին կամ արևի տապին, հուսալով, թե ինչ-որ գործարար կմոտենա ու կցանկանա աշխատանքի տանել իրենց: gisher.news-ն փորձեց զրուցել նրանց հետ, հասկանալու համար, թե օրական որքան գումար են աշխատում: Մեզ հետ զրույցում վարպետ Վազգենը նշեց, որ կրթություն չունի, ամբողջ կյանքում բանվորական աշխատանքներով է զբաղվել.՛՛ Ազիզ ջան, արդեն երեք տարի է կանգնում եմ ու աչքս ճամփին սպասում, թե ո՞վ կգա ու մի գործ կառաջարկի, հավատա, երկու, երեք օրը մեկա մի բան լինում, էն էլ մի 1000 կամ 2000 դրամ են տալիս՛՛:

Իսկ ահա 50-ամյա Վարդանի պատմությունն այլ է: Ի տարբերություն վարպետ Վազգենի, նա ընտանիք ունի, կին ու երկու աղջիկ.՛՛ Աղջիկներս ուսանող պիտի լինեին, բայց չեմ կարա վարձը տամ, մեծ աղջիկս քոլեջ ընդունվեց, մի տարվա վարձը հազիվ տվեցի, ու դուրս մնաց: Կինս խանութումա աշխատում, էտա, դրանով ենք ապրում, ամոթելա, կինս ինձնից շատա աշխատում: Էնքան եմ նեղվում, սենց կանգնում եմ, մանավանդ ցրտին, դե տղամարդ ենք, ստիպված խմում ենք...՛՛:
Մինչ Վարդանը պատմում էր իր կյանքի մասին, նրանց մոտեցավ մի մեքենա, բանվոր էին փնտրում, ընտրությունը բավականին ՛՛բարդ՛՛ էր: Վարդանը կիսատ թողնելով խոսակցությունը վազեց այդ մեքենայի մոտ: Այնքան ցավալի էր տեսնել մոտ 10-15 տղամարդու, ովքեր այդ պահին պատրաստ էին միմյանց ՛՛ուրանալու՛՛, միայն թե այդ 3000 դրամանոց աշխատանքն իրենցը լինի: Վարպետ Վազգենի բախտը բերեց, նա ավելի ՛՛քաղցր լեզու՛՛ էր, վերջնական գին որոշեցին, կաշխատի երկու օր, որի համար կստանա 7000 դրամ աշխատավարձ:Վարդանը այլևս չցանկացավ շարունակել մեզ հետ զրույցը, միայն քթի տակ փնթփնթաց՝ ՛՛ էտ անգրագետի բախտը ոնց բերեց, յեքա 7000 դրամանոց գործը կպցրեց՛՛:

gisher.news-ի հետ զրույցը շարունակեց մեկ այլ տղամարդ, նա 32 տարեկան երիտասարդ էր: Ամուսնացած էր ու մեկ աղջիկ ունի.՛՛ Աղջիկս 2 տարեկանա, ապրում ենք հանրակացարանում, կինս չի աշխատում, չեմ թողնում, թող երեխուն պահի: Չիմանա՞ք սաղ օրը կանգնած եմ ու գործ եմ մուրում, դե մտածում եմ կողքից փողը չէր խանգարի: Ես սմենով գործ ունեմ, էս էլ կողքից եմ անում՛՛,-մի տեսակ բարդույթավորված մեզ հետ զրույցում պատմեց Դավիթը, ով դեռևս չի հասցրել վայելել երիտասարդ տարիները, կնոջ ու երեխայի ներկայությունը.՛՛ Պատկերացրեք մի չորս օր կարողա ոչ մի գործ չլինի, կանգնում եմ, մեկ-մեկ էլ հերթս ընկերներիս եմ զիջում, չնայած ստեղ ինչ հերթ, մեքենա են տեսնում ու վրա են տալիս՛՛:

Դավիթը պատմեց, որ իր ծնողները Սևանում են ապրում, այնտեղ կյանքն ավելի դժվար է, ոչ մի աշխատանք չկա: Այսօրվա մարզային ու գյուղական կյանքը բավականին լարված է ու բարդ.՛՛ Մտածեցի կնոջս վերցնեմ գամ Երևան, որ մերոնց էլ բերեմ, բայց էլ ի՞նչ բերել: Մի սենյակի մեջ ապրում ենք երեք հոգով, կնկաս ու աղջկս չեմ կարում մի տեղ տանեմ, մի շոր առնեմ, ամոթելա պատմելը՛՛:
Դավիթը բավականին ընկճված էր, ընկերները մեզ հետ զրույցում պատմեցին, որ երիտասարդ կինն անգամ ցանկացել է հեռանալ նրանից:

Մոտ մեկ ժամվա ընթացքում ՛՛ֆայլա-բազառ՛՛-ին մոտեցան երկու մեքենաներ: Մենք փորձեցինք զրուցել նաև գործատուի հետ: Մի տղամարդ, ով լավ բանվոր էր փնտրում մեզ ասաց, որ չնայած եկել է աշխատող ընտրելու, բայց այնքան էլ չի վստահում այս մարդկանց.՛՛ Դե գիտեք, մի անգամ տարա, պատկերացրեք գող դուրդ եկավ, կամ էլ արհեստական գործը ձգձգում են, որ մի երկու կոպեկ ավել վաստակեն, բայց դե շտապ բանվորա պետք, մի քանի հոգու պիտի տանեմ՛՛: Մենք խորհուրդ տվեցինք երիտասարդ Դավիթին և Վարդանին:
Միայն տեսնել էր պետք Դավիթի երջանիկ դեմքը, երբ գործատուն մոտեցավ նրան: Վերջնական պայմանավորվեցին,կաշխատի 4 օր ու կստանա 25 հազար դրամ գումար: Դավիթը ներողություն խնդրեց, որ զրույցը մեզ հետ պիտի ընդհատի ու շտապեց աշխատանքի գնալ:

՛՛ Վաաայ, էս ինչ լավ բան եղավ, միամսյակա, գոնե կնկաս երազած բիժուն կկարանամ առնեմ՛՛,-ուրախացած ընկերոջն ասաց Դավիթը:‏

Սյուզի Ասատրյան