15-08-2014 14:40

Ինչու՞ է ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի որդին համալսարանականների ներկայությամբ հայհոյել

«Օրինաց երկիր» կուսակցության և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև ծագած վեճը շարունակվում է: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը այդ հարցի շուրջ իրենց տեսակետները հայտնեցին համալսարանի պրոռեկտորներ Պարույր Էֆենդյանը և Յուրի Մարմարյանը՝ հայտարարելով, որ ժամանակին իրենք բարություն են արել, համալսարանին պատկանող տարածքից հատված են տրամադրել կուսակցությանը և այսօր կանգնել փաստի առաջ. 262 քառ. մետր տարածքի փոխարեն նրանք օգտագործում են 452 քառ. մետր ապօրինի:

«Ստացվել է, որ բարություն ենք արել, տարածքը տրամադրել ենք, հիմա մենք Համաշխարհային բանկի ծրագրով սարքավորումներ ենք ստացել, որոնք պետք է տեղադրվեն այնտեղ, բայց մեզ թույլ չեն տալիս: Իսկ ՕԵԿ-ի պատգամավորները չեն հասկանում, որ դա ուսումնական օջախ է»,- ասաց պրոռեկտոր ՅուրիՄարմարյանը:

Ըստ նրա՝ իրենք գործ ունեն միայն իրենց տարածքի հետ և որևէ կուսակցության հետ գործ չունեն:

Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած վեճին, որտեղ ՕԵԿ-ականների և համալսարանականների միջը վեճ էր եղել, անգամ հայհոյանքներ էին հնչել, ապա պրոռեկտորը նշեց, որ հայհոյանքներ տվել է հենց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի որդին: «Մենք հայհոյանքներ չենք տվել, հնարավոր է մեր կողմից ամբոխի միջից հնչել են, բայց դա պատասխան է եղել»,- ասաց նա: Սակայն հիշեցնենք, որ համալսարանի անձնակազմաը շաղավանդկներ էր կոտրել, որոնք կարող էին լուրջ վնասվածք հասցնել հենց ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանին:

Իսկ Պարույր Էֆենդյանն էլ ներկայացրեց տարածքի վերաբերյալ նախապատմություն. «Դեռ 1933թ.-ին Աղասի Խանջյանի հրամանով շենքը տրամադրվել է համալսարանին: 2002թ.-ին, երբ համալսարանի կարգավիճակը փոխվեց, հարակից շենք շինությունները կառավարությունը տրամադրեց բուհին, քանի որ այդ տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման պայմանով տրվել էր համալսարանին: Իսկ ՕԵԿ-ին հարակից հողը հատկացրել է կառավարությունը, իրենք կառուցել են չորսի փոխարեն ութ հարկանի շենք: Շինարարության ընթացքում իրենք կառուցել են նաև ավտոտնակ և կաթսայատուն: Հետո ՕԵԿ-ը դիմում է համալսարանին խնդրանքով տրամադրել տարածք ավտոկայանի համար, քանի որ այդ տարածքը մերն է, մենք տրամադրեցինք՝ մտածելով, որ ոչ ոք չի կարող ոտնձգություն անել տարածքի նկատմամբ: Պարզվեց, որ եղել է որոշում, որ ավտոտնակի և կաթսայատան տարածքը տրամադրվել է ՕԵԿ-ին: Կա որոշում, կա կադաստրի թույլտվություն, բայց մենք դիմել ենք դատարան, քանի որ դա մեր տարածքն է»:

Պրոռեկտորը նաև ընդգծեց, որ փաստորեն նույն տարածքի վրա երկու սեփականատեր կա, մեկը քաղաքապետարանի որոշմամբ, մյուսը՝ Կառավարության: