27-01-2014 17:00

Ի՞նչն է թերի Արմեն Աշոտյանի ՝ Հայաստանը Արևելյան Հայաստան անվանափոխելու առաջարկում

 Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն անրադարձավ  Հայաստանը Արեւելյան Հայաստան անվանափոխելու՝ ՀՀ ԿԳ նախարարի առաջարկին: Ըստ նրա  անվանափոխության համար արդեն շատ ուշ է:

«Պարոն Աշոտյանի նպատակը, եթե իսկապես պատմական արդարության վերականգնումն է ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն է ուղղված, ինչպես իրենք են սիրում ասել, կամ պահանջատիրությանն է վերաբերվում, դրա անելու ձևը ոչ թե հանրապետության անունը փոխելն է, այլ քաղաքականությունը փոխելն է»,- նշեց Մանոյանը և հավելեց, որ Հայաստանի նման անվանումն արդեն քննարկվել էր  1990թ. օգոստոսին Անկախության հռչակագիրը կազմելու ժամանակ: Գերագույն խորհրդի անդամների մեծ մասն այն ժամանակ մերժել էր այդ տարբերակը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի պատմական արդարության հասնելու  գործում իր դերը գիտակցող երկիր:

Ըստ բանախոսի պետք է ոչ թե անունը փոխել, այլ` քաղաքականությունը: Իշխանությունները պետք է հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից: Բացի դրանից, այժմ գործող Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կարող է տեքստում  հետեւյալ փոփոխությունն առաջարկել.  ՀՀ-ն Հայաստանի Առաջին հանրապետության իրավահաջորդն է և հանդես է գալիս հայկական սահմանների վերաբերյալ կայացրած վճիռներին կողմ: 

Ըստ նրա, Աշոտյանի գաղափարը չի արժանացել ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանի հավանությանը, քանի որ դա պարզապես հասարակության վրա գաղափարի ազդեցությունը ստուգելու փորձ էր: