11-08-2014 15:41

ԿամԱզի հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոքարկում է

18 մարդու մահվան եւ 40 հոգու վիրավորման հանգեցրած ավտոպատահարի մեղավոր համարվող «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է դատավճիռը:

՛՛Ռիա Նովոստին՛՛ մեջբերում է փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքերը. ՛՛Մենք բողոքարկել ենք դատավճիռը Հարությունյանին 327 հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («գիտակցաբար կեղծված փաստաթղթերի օգտագործում»), այդ հանցանքը նա չի գործել, մենք այդ մասով արդարացնող դատավճիռ ենք խնդրում՛՛:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանն օգոստոսի 4-ին Հրաչյա Հարությունյանին դատապարտել էր վեց տարի, ինն ամսվա ազատազրկման` «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշաբար հանգեցրել էր երկու կամ ավելի անձանց մահվան», ինչպես նաեւ «(«գիտակցաբար կեղծված փաստաթղթեր օգտագործելու համար»:

Խճաքարով բարձված բեռնատարը, որի ղեկին եղել էր Հարությունյանը, 2013 թ. հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո մեկնող 64 ուղեւորով երթուղային ավտոբուսին: Վթարի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, տուժել`40-ից ավելին:

Քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը հավուր պատշաճ տեխզննում չի անցել, արգելակները անսարք են եղել: Քննությունը կարծում է, որ Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: