05-07-2014 18:35

Հովիկ Աբրահամյանը սահմանամերձ գյուղեր է այցելել

Յուրաքանչյուր ամիս նախարարներից մեկը կայցելի սահմանամերձ գյուղեր։ Այս մասին ասել է Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հավելել է, որ այս հարցում լինելու է հետևողական:
Ըստ նրա՝ կառավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի սահմանամերձ գյուղերին, որպեսզի կասեցնի արտագաղթը։

«Ամեն ինչ պետք է անենք, որ նույնիսկ եթե աշակերտների թիվը պակասի, լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնենք՝ դպրոցը պահպանելու համար։ Մՙեր կառավարությունը պետք է լուրջ մտածի սահմանապահ գյուղերի մասին։ Ես ասում եմ սահմանապահ, որովհետեւ այս գյուղերն իրոք սահմանապահ են։ Եթե մարդ քնում է՝ մտածելով, որ իր վրա կկրակեն, ինքն իրոք սահմանապահ է»,- ասաց նա։

Արտագաղթը սահմանամերձ գյուղերից կասեցնելու համար ըստ վարչապետի՝ պետք է առաջին հերթին ստեղծվեն աշխատատեղեր։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր News. gisher.ru-ն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 5-ին այցելել է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղեր, հանդիպել գյուղացիներին, լսել նրանց խնդիրներն ու խոստացել օգնել։ Մինչեւ այդ վարչապետն այցելել էր հակառակորդի դիպուկահարների թիրախում գտնվող Պառավաքար-Վազաշեն ճանապարհը շրջանցող նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհի շինհրապարակ։ Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։