Բավ է պառակտվել
25-02-2014 16:39

Հովիկ Աբրահամյանը հավաստիացնում է, որ իրենք ժողովրդի թշնամին չեն

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ռեֆորմը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հիանալի է համարում, բայց նկատում է, որ որևէ օրենքի հետ կապված ցանկացած խնդիր պատրաստ են վերանայել։
«Որպես բարեփոխում, դա հիանալի գաղափար է, պարզապես նորից եմ ուզում ասել, որ մենք, եթե կա խնդիր որևէ օրենքի հետ կապված, պատրաստ ենք այդ հարցերը վերանայել: Բայց գլոբալ առումով՝ գաղափարը որպես ռեֆորմ շատ լավն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ թերությունների դեպքում իրենք պատրաստ են քննարկել:
ԱԺ նախագահի խոսքով՝ այժմ բազմաթիվ քննարկումներ են գնում Կառավարության, Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության հետ: «Բազմաթիվ ձևաչափերով ուզում ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Սահմանադրական դատարանը դեռ կտա իր որոշումը, ամեն դեպքում մենք հո մեր ժողովրդի թշնամին չե՞նք, մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնել: Եթե այդ բարեփոխման մեջ կան թերություններ, մենք պատրաստ ենք քննարկել»,-նշեց նա։
Լրագրողները նաև խնդրեցին գնահատական տալ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին: ԱԺ նախագահը խորհուրդ տվեց, որ խոսել Հայաստանի դեպքերից , իսկ Ուկրաինայում տիրող իրադարձությունները նա որակեց որպես «շատ վատ բան»՝ նշելով, որ «յուրաքանչյուր նման իրադարձություն վատ է գնահատում, որովհետև կան մարդկային զոհեր»:
Հարցին, թե արդյո՞ք «Մարտի 1-ի» հետ նմանություններ կան, Հովիկ Աբրահամյանը չցանկացավ համեմատություն անցկացնել: «Դա վատ բան է, ես չեմ ցանկանում էլի համադրել միմյանց հետ, յուրաքանչյուր նման դեպք ես դժբախտություն եմ համարում այդ երկրի, այդ ժողովրդի համար և ամեն դեպքում պետք է մենք լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է սցենարի կրկնությունը նաև Հայաստանում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Կանխատեսումներից հեռու եմ»։ Նույն պատասխանը նա տվեց նաև այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՄՄ չկայանա՝ ուկրաինական իրադարձությունների զարգացումների արդյունքում: