Բավ է պառակտվել
26-06-2014 11:46

Հովիկ Աբրահամյանը չի ընդունում ծայրահեղ միջոցներով քաղաքացիների ընդվզումները

Այսօր, ՀՀ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անընդունելի է համարում ծայրահեղ միջոցներով դժգոհության արտահայտումը:
«Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ միջոցներով, ես անընդունելի եմ համարում նման քայլերը, ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամ նետելը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացնում մի շարք քաղաքացիներ, երբ արտահերթ նիստում քվեարկության էր դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը: Նրանք մանրադրամներ էին նետել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի վրա:

Վարչապետը նաև նշել է, որ հորդորեց իր խոսքերը սխալ չընկալել։
«Կողմ եմ ազատությանը, խոսքի ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին, բայց այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ սկսում է ոտնահարվել ուրիշների իրավունքները, դա ազատություն չէ, այլ ամենաթողություն»,- ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հանդուրժել անարխիայի դրսևորումները:

Նա ընդգծեց, որ հանդուրժել անարխիան նշանակում է վտանգել երկիրը: «Ես դա չեմ հանդուրժելու, ուստի հանձնարարում եմ արդարադատության նախարարին և ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ, եթե անհրաժեշտ է՝ հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգն ապահովող մարմինները իրենց գործողություններով պաշտպանեն Սահմանադրությունը»,- ասաց նա: