09-01-2014 12:50

Ժամում հինգ հազար դրամ՝ կոտրված հոգով ու սրտով

2013թ-ի ավարտին շատ ու շատ ընտանիքներում բուռն իրավիճակ էր. Մթերքների ցուցակներ, ճոխ-ճոխ գնումներ, տոնածառ, լույսեր և ուրախ տրամադրություն: 8-ամյա Լաուրային թվում էր, թե միայն ինքն է տխուր, տգեղ հագուստով ու առանց տոնածառի: Աղջնակն իր մայրիկի հետ ապրում է Էրեբունի զանգվածում, հիվանդանոցի հարևանությամբ: Նրանց տունն, ավելի ճիշտ տնակը մոտ 20 քմ է: Ամանորին պատրաստվել էին: Տիկին Լյուբայի խոսքերով այդ մի աղջիկն ունի և ամեն բանի պատրաստ է նրան ուրախ տեսնելու համար: Տոնածառի փոխարեն զարդարված էր բազմոցի վերնամասը և պատի խալին, փոքրիկ սեղանի վրա դրված էր չորս ափսե, բաժակներ, մի քիչ կոնֆետ, խնձոր ու մանդարին: Տիկին Լյուբան համառեց դոլմա բերել, հավ էլ է ունեցել, բայց հյուր են ունեցել, կերել են: Իրենց միակ հյուրը հարևան Վարսիկ տատն է, ամուսնու՝ Սասունի հետ, հավն էլ հենց նրանք էին բերել: Լաուրան Ձմեռ պապից մի բարբի ու նասկի էր ստացել, շատ էր ուրախացել:

Նրանց տնակում շատ ցուրտ էր: Վառարան կար, վառելանյութ չկար: Ժամը 5.30 էր: Տիկին Լյուբան պատրաստվում էր տանից դուրս գալ, ներողություն խնդրեց, ասելով, որ չի կարող չգնալ: Լաուրիկը պատմեց, որ արդեն մի քանի տարի է ինչ ինքը երեկոները մնում է Սասուն պապիենց հետ: Մայրը լուսադեմին է տուն վերադառնում:

Ձյուն էր գալիս: Նրանց տանիքից ջուր էր կաթում, կարծես ձնհալ լիներ: Լաուրիկը հազում էր: Վարսիկ տատը պատմեց, որ երբ աղջիկը նոր էր ծնվել, թոքաբորբով հիվանդացավ, մայրը՝ քաղցկեղով է հիվանդ, իսկ ընտանիքի հայրը մի անգավ խոստացավ, որ անպայման Ռուսաստանից կվերադառնա, աղջկան գոնե մեկ անգամ տեսնելու նպատակով: Անցել է 8 տարի, նրանք դեռ սպասում են ընտանիքի հորը, ով իր հետ հույս ու ջերմություն պիտի բերեր: Լաուրիկի առողջական խնդիրները խորացան, այժմ մի փոքր քամուց անգամ հազն ու գրիպն ուշացնել չեն տալիս:

Տիկին Լյուբան գեղեցիկ կին է, կապուտաչյա ու երկար մազերով, ընդամենը 35  տարեկան : Բայց հիվանդությունն ու կենցաղային խնդիրներն այնպես են հարվածել խեղճին, որ հազիվ 45  կգ կկշռի:

Լաուրան հարևանի տանը, հեռուստացույցով գովազդվող կոկորդիլոս էր տեսել, շատ էր ուզում համտեսել: Մայրը խոստացել է մյուս տարի անպայման գնել:

Տիկին Լյուբան տուն է վերադառնում առավոտյան  5-6-ին: Բնականաբար հասկանալի է, թե ինչով է նա զբաղվում: Երբ տեսա աղջնակին, նրանց տունն ու տիկին Լյուբային այլևս չկարողացա ինչ-որ բանով մեղադրել: Ապրել է հարկավոր, ամեն մարդ այս կյանքում գտնում է իրեն հարմար ձևը: Մի բան պարզ է, երբ մայրուղու վրա կանգնած կին ենք տեսնում , բնավ չարժե խոժոռ հայացք նետել նրա կողմ ու մեղադրել, քարոզներ ասել, քանզի չգիտենք թե նրա հոգում ինչ վիշտ է ապրում ու  մարմնում ինչ հիվանդություն է բույն դրել: Ոչ ոք այս կյանքում անմեղ չէ: Եվ ինչպես Աստվածաշունչն է ասում, չպետք է դատենք, որ երբևէ չդատվենք: