20-09-2014 14:02

Հիմա քթածակով, ով ինչ ուզում՝ անում է. Ա. Բախշյան

Այսօր, հրավիրված ասուլիսին Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպմանը նախ շնորհավորեց ՀՀ անկախության գալիք օրվա կապակցությամբ, ապա խոսեց 12-ամյա կրթությանն անցնելու ԿԳՆ որոշման մասին:
Նա նկատեց, որ 12-ամյա կրթության առաջին նպատակներից մեկը մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ կրթություն տալն է:
«Յուրաքանչյուր երիտասարդ պետք է սկսի տարրական դպրոցից մտածել իր ապագայի մասին, հասարակությունն ու ծնողներն էլ հասկանան և քիչ խառնվեն երեխայի մասնագիտության ընտրությանը: Ծնողները շարունակում են իրենց երեխաներին իրավաբան, բժիշկ մասնագիտություններով ուղարկել, բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ իներցիան պետք է կոտրել»,- ասաց նա:
Բախշյանի հավաստմամբ՝ երեխան փոքր տարիքից պետք է իմանա ինչը կարող է լավ անել, ինքն իրեն ճանաչի, և դա պետք է բացահայտի դպրոցը, կրթությունը:
«Նախամասնագիտական կրթություն տալու գործընթացը պետք է դրվի ավելի նպատակային հիմքերի վրա, այդ դեպքում կուղղորդենք մեր պատանիներին ուսումնասիրել աշխատաշուկան և ստանալ այն մասնագիտությունը, որի պահանջը կա»,- մանրամասնեց ԿԱԻ փոխտնօրենը:
Նա հույս հայտնեց, որ 12-ամյա պարտադիր կրթությունն ինչ-որ հարցեր կլուծի, միևնույն ժամանակ նկատելով, որ ցանկացած համակարգ, որ դրվում է, մեզանում ինչ-որ տեղ փչանում է:
«Կա ավագ դպրոցի մասին Կառավարության ընդունած ռազմավարությունը, բայց չեմ տեսել գոնե մեկ դպրոց, որ իրականացրած լինի դա: Որպեսզի համակարգն իր նպատակին ծառային, մենք պիտի հետևենք այն բոլոր կարգերին, որոնք ընդունվել են կառավարության կողմից: Հիմա քթացակով ով ինչպես ուզում է անում, քանի որ ԿԳՆ-ն չի տալիս այդ մեխանիզմը, թե ինչպես պետք է դա իրականացվի»,- ասաց նա:
Անդրադառնալով կրթության արդյունավետությանը, նա նշեց, որ հարցն այն է, թե որքանով են երեխաները կարողանում դպրոցն ավարտելուց հետո իրենց ճիշտ դրսևորել: Ըստ Անահիտ Բախշյանի, դրան հասնելու համար շատ փոփոխություններ պետք է լինեն, հասկանան, թե ինչպես են կատարվելու պետության պատվերները:
Ինչ վերաբերում է օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը, Անահիտ Բախշյանն ասաց, որ այս պահին ԱԺ-ում Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունների նախագիծն է դրված. «Այդ փոփոխությունները կհայտարարեն Հայաստանում համընդհանուր ներառական կրթության քաղաքականության մասին: Սա կբարձրացնի հանդուրժողականությունը, հասարակությունը մարդուն կընկալի այնպիսին, ինչպիսին կա՝ առանց ավելորդ պիտակների: Այս նախագիծը երեխայի կրթության իրավունքի հերթական ամրագրումն է: Երեխան պիտի կրթություն ստանա, և այս օրենքի ընդունումից հետո այլ բարեփոխումների կարիք ևս կունենանք»:
Բանախոսը հավելեց, որ նաև շրջանառության մեջ է դրված պարտադիր զինապարտության մասին օրենքը և շեշտեց, որ տղաները նախ պետք է ծառայեն, իրենց պարտքը տան, հետո նոր գնան սովորելու: