22-02-2014 12:50

ՀՀԿ-ԲՀԿ անդամներն իրենց ՛՛պատերազմը՛՛ շարունակում են ֆեյսբուքում

Երեկ ՀՀ Արդարադատության նախարարն ու ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էին լեզվակռվի մեջ և ճիշտ ու սխալ էին անում դատվածության, ՛՛ղալաթ անելու, պաշտոններ զբաղեցնելու շուրջ, այսօր էլ կրկին ԲՀԿ-ական մեկ ուրիշ պատգամավոր հակադարձում է ՀՀԿ ԱԺ փոխնախագահին:

ՀՀԿ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե զարմանում է, որ մյուսները զարմանում են, թե ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը: ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ իր ասելիքը facebook-ի իր էջում է արտահայտում, գրելով.

՛՛Զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ ԲՀԿ-ն քննադատում է...»: ՀՀԿ խոսնակի թևավոր ասացվածք հիշեցնող այս միտքը մեկ անգամ ևս ստիպում է հիշեցնել, որ երկրում օրեցօր առկա խնդիրներն այնքան են խորանում, որ դրանք չբարձարաձայնելը ոչ միայն անթույլատրելի է, այլև զուրկ բարոյական որևէ հենքից:

Եթե խնդիրների մասին չխոսելով հույսեր են փայփայում, թե դրանք ինքնուրույն կվերանան, ապա պետք է հիասթափեցնեմ` դա խնդիրների լուծման մեթոդ չէ: Խնդիրների մասին լռելով արտագաղթը չես կասեցնի, խնդիրների մասին լռելով տնտեսական անկումը չես հաղթահարի, խնդիրների մասին լռելով աղքատության դեմ չես պայքարի, և ցավոք, մեր երկրի դեպքում այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Եվ ուրեմն, հարգելիներս, եթե շարունակում եք զարմանալ, որ այն, ինչի մասին դուք լռում եք, կարելի բարձրաձայնել, կարելի է լուծումներ փնտրել, ուրեմն պետք է ձեզ տեղեկացնեմ, որ առաջիկայում թերևս զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք՛՛,- գրել է Էլինար Վարդանյանը: