01-06-2015 14:21

Հայաստանում նվազել է մուրացիկ երեխաների թիվը. Գ.Գյունաշյան

«Պետական մանկատների հետ կապված բացառում եմ այդ հայտարարությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը՝ մեկնաբանելով օրերս ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահան Բաբայանի հայտարարությունը, թե Հայաստանի մանկատներից «պռակատով» երեխա են վերցնում մուրացկանություն անելու համար: Նա նշեց, որ ոստիկանության հետ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է հենց մուրացիկ երեխաների հարցով: Գ. Գյունաշյանի խոսքով, վերջին տասը տարիներին Հայաստանում նվազել է մուրացիկ երեխաների թիվը. «Տարածաշրջանում մենք այս հարցում բարվոք վիճակում ենք»: Սոցապ նախարարության պաշտոնյան նշեց, որ մանկատներում կարգ ու կանոնի, երեխաների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված վերջին տարիներին մեծ փոփոխություններ կան: