Բավ է պառակտվել
08-08-2015 12:29

Հայաստանում գործազուրկների 70.4%-ը կանայք են

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 85.5 հազար, որից 58.1 հազարը կանայք են, 20.9 հազարը` երիտասարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 87.0%-ը կամ 74.4 հազար: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.4%-ը կամ 52.4 հազ. մարդ: Զբաղվածության պետական գործակալության հրապարակած տվյալների համաձայն, երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.2%-ը կամ 18.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.2% կամ 2.4 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 49.2% (36.6 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 15.3 հազար կամ 41.8%-ը:  Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.3%-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 19.3%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.1%-ը, ընդհանուր միջնակարգ, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 61.3%-ը: Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները /տարբեր/, մանկավարժները /տարբեր/, բուժքույրերը, տեխնիկները /տարբեր/, ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետերը և այլ բանվորական մասնագիտացում ունեցողները: Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.2%, 30-44 տարեկանները` 40.1 %, 45-54 տարեկանները` 20.7 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 15.0 %: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 64.1 հազ. անձ կամ 86.1%-ը: 2015թ. հունվար-հունիս ամիսներին աշխատանքի է տեղավորվել 4566 աշխատանք փնտրող, որից 2992-ը` կին, 3833-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1205-ը երիտասարդ են: Հունիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2380 թափուր աշխատատեղ, որից 67.7 %-ը կրկնվող աշխատատեղ է: Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները (մարզերում), ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, դաստիարակները, մենեջերները, գործակալները /տարբեր/, միջին մասնագիտական՝ բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, սարքավորումների և համակարգչային օպերատորները և նախնական՝ ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները, կարողները, վարորդները, կոշկագործները, կռունկավարները, փականագործները, խառատները, ատաղձագործները, եռակցողները և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողները: