Բավ է պառակտվել
24-10-2014 15:05

Իրավունքի գերակայության երաշխավորումը սոսկ բարի ցանկություն չէ.նախագահ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ 

Ուղերձը մեջբերում ենք ամբողջությամբ. «Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,

Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր` մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը:

Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երևանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարևորություն են ձեռք բերել:

Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապն իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը նույնպես վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բարի ցանկություն: Այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության և իրավական մշակույթի անհրաժեշտ միջավայր: Այս ամենը միանգամից և մեկ օրում չի տրվում: Հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարևորագույն խնդիր է դարձել, երբ այն քաղաքական մտածողության շարժիչ ուժն է, երբ անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսևորումների անբաժան և երաշխավորված ուղեկիցն է:

Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարևորվում է` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարևոր սահմանադրական բարեփոխումների: Ընդամենն օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն քննարկվել և հավանության է արժանացել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում և առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու:

Դժվար է վերջին 20-25 տարում մեծ փորձություններ դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակական համակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է արդյունավետ և իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ: Դրան կարելի է հասնել` երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ, ճիշտ դասեր քաղելով նաև միջազգային հանրության և հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից: Ես առիթ եմ ունեցել շեշտելու. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»: Սահմանադրություն, որն ունենա արժեբանական կայուն ու անսասան հիմք և հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն ապրող իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար:

Անշուշտ, նման Սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեն մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը և դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը: Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդրի շուրջ երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովում ներկայացվող զեկույցները և քննարկումներն օգտակար դերակատարություն կունենան թե՛ սահմանադրական զարգացումների և թե՛ սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից:

Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք և հաճելի օրեր մեր հյուրընկալ երկրում»: