Բավ է պառակտվել
04-11-2014 10:06

Աշխարհի երկրների բարեկեցության 2014 թվականի վարկանիշը. Հայաստանն 95-րդն է

Legatum Institute-ը կազմել է աշխարհի երկրների բարեկեցության 2014 թվականի վարկանիշը (2014 Prosperity Index): Վարկանիշի առաջատարը դարձյալ Նորվեգիան է: Նրան հաջորդում են Շվեյցարիան, որը նույնպես անցյալ տարվանից պահպանել է իր տեղը, և Նոր Զելանդիան, որը երեք հորիզոնականով բարելավել է իր դիրքը: Աշխարհի ամենաբարգավաճ երկրների տասնյակում տեղ են գտել նաև Դանիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները և ԱՄՆ-ը: Հայաստանը ցուցակում 95-րդն է: Ինդեքսը ներառում է 142 պետություն՝ ընդգրկելով աշխարհի բնակչության 96 տոկոսը և համաշխարհային ՀՆԱ-ի 99 տոկոսը: Ցուցակը եզրափակում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Եվրոպայի խոշորագույն երկրների թվում առավել բարգավաճ է ճանաչվել Մեծ Բրիտանիան, որը 13-րդ տեղն է զբաղեցրել ընդհանուր հաշվարկում: Գերմանիան 14-րդ տեղում է, Ֆրանսիան՝ 21-րդ, Իսպանիան՝ 26-րդ, Իտալիան՝ 37-րդ: Legatum Institute-ի ինդեքսը գնահատում է ութ չափանիշ՝ տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, անձնական ազատությունը, անվտանգությունը, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորությունները, կառավարումը և սոցիալական կապիտալը: Հետխորհրդային տարածքում լավագույն վարկանիշն ունեն Լիտվան (42-րդ տեղ) և Լատվիան (44-րդ տեղ): Բելառուսը 58-րդ տեղից բարձրացել է 53-րդ տեղ, Ուկրաինան՝64-ից՝ 63-րդ տեղ, Ռուսաստանը, , ընդհակառակը, 61-րդ տեղից իջել է 68-րդ տեղ, Ղազախստանի դիրքն ընկել է 8 հորիզոնականով՝ մինչև 55-րդ տեղ: Խոշորագույն զարգացող երկրների թվում Բրազիլիան զբաղեցնում է 49-րդ տեղը, Չինաստանը՝ 54-րդ, Մեքսիկան՝ 64-րդ, Ինդոնեզիան՝ 71-րդ, Թուրքիան՝ 86-րդ, Հնդկաստանը՝ 102-րդ: