23-09-2014 15:50

Լարված իրավիճակ ՀՀ կառավարության շենքի մոտ

Ինչպես ավելի վաղ News.gisher.ru-ն տեղեկացրել էր, Երևանի տոնավաճառների աշխատակիցները սպառնում են գործադուլ անել, եթե չեղյալ չհամարվի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը։ Տոնավաճառի աշխատակիցները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը նշեցին, որ իրենք ստորագրահավաք են կազմակերպել և եթե օրենքը չփոխվի իրենք հոկտեմբերի 1-ից չեն աշխատելու:
՛՛Հարկայինը ամեն օր մեզ պետք ա գա, ստուգի, մենք էլ պիտի ամեն րոպե թպրտանք, թե՝ հեսա հարկայինը գալուա,- ասաց աշխատակիցներից մեկը:
News.gisher.ru-ի հետ զրույցում տիկին Սվետան պատմեց, որ արդեն 10 տարի է առևտրի կենտրոնում հագուստ է վաճառում. ՛՛Չի կարելի չէ՞, բավական է, փոխանակ պայմանները բարելավեն, որպեսզի կարողանանք աշխատենք ու ընտանիք պահենք: Չէ, ո՞նց կլինի, պետքա հարամեն ամեն բան, էնքան փող պոկեն, որ զզվենք ու թողենք գնանք ուրիշ երկիր՛՛:
Բողոքողներին է մոտեցել Հովիկ Աբրահամյանը, նա վստահեցրել է, թե օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որեւէ կերպ չի տուժի։
՛՛Դուք ձեր կամքից անկախ դարձել եք մի հարթակ, որտեղ խոշորն է գործում ու մեզ խաբում, հիմա մենք ձեր հարկը 3,5 տոկոսից իջեցրել ենք 1,5 տոկոս։ Եթե դուք արդար եք, ինչո՞ւ եք ուզում, որ օրենքը նույնը մնա՛՛,- ասաց վարչապետը։
Առեւտրականները դժգոհում են. ստացվում է այնպես, որ իրենք չեն պատրաստվում ամբողջ աշխատանքային օրը նվիրել թղթաբանությանը, հատկապես որ հաճախ աշխատում են «նիսյայով», հետ են վերցնում ապրանքը, կամ փոխանակում:
Ավելի ուշ, կողմերը համաձայնության եկան, որ տոնավաճառների աշխատակիցներն իրենց պահանջները գրավոր կներկայացնեն Արմեն Ալավերդյանին, որպեսզի դրանք քննարկվեն ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արվեն, որ առեւտրականները հնարավորինս ազատվեն թղթաբանության հետ կապված քաշքշուկներից։
Հիշեցնենք, որ Երեւանի տարբեր տոնավաճառների մի քանի հարյուր աշխատողներ այսօր բողոքի երթով «Հրազդան» մարզադաշտի մոտից քայլել են մինչեւ կառավարության շենք՝ պահանջելով եղյալ հայտարարել «Շրջանառության հարկի մասին» օրենքը», ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Ընդ որում, առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: