19-03-2014 12:53

ՀՀ Կառավարությունը սահմանեց ԵՄ-ում ապօրինի բնակվող քաղաքացիների հետընդունման միջոցառումները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիթորինգն իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով միգրացիոն պետական ծառայության պետի ղեկավարությամբ ստեղծվել միջգերատեսչական խումբ: Նույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է քննարկել Եվրամիության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետության քաղաքացիների հետընդունման կամ տարանցման դիմումները և սահմանված ժամկետում` 2 աշխատանքային օրից մինչև 12 օրացուցային օրը պատասխանել դրանց: Հայաստանի` տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Եվրամիության հետ միգրացիայի ոլորտի հարաբերությունների սերտացմանը: