Բավ է պառակտվել
03-07-2014 20:01

Սիրիայում ՀՀ դեսպանը Լաթաքիա է այցելել

Հուլիսի 1-3-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և Դամասկոսի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Լաթաքիա նահանգ: Այցի շրջանակներում հուլիսի 1-ին դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերի հետ:

Լաթաքիայի նահանգապետը ՀՀ դեսպանին ներկայացրել է նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է Լաթաքիայի, ինչպես նաև՝ քեսաբահայության ավանդական ծանրակշիռ դերը նահանգի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, մտքեր են փոխանակվել ներկայում նրանց առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում Լաթաքիայի նահանգապետը և դեսպան Փոլադյանն անդրադարձել են վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը:

Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանն այցելել է Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի և շտապօգնության մարմնի հետ քննարկել է քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի և նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելել է նաև Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները:

Այնուհետև Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Լաթաքիայի հոգևոր հայրեր և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագրեր են ստացել մի քանի տասնյակ լաթաքիահայեր:
Շնորհավորելով անձանգիր ստացողներին` դեսպան Փոլադյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հայի կյանքում մեծ և հիշարժան իրադարձություն է ՀՀ քաղաքացի դառնալը, և հույս հայտնել, որ իրենց գործունեությամբ նրանք մշտապես բարձր կպահեն ՀՀ քաղաքացու պատիվը:
Իրենց ելույթներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ղեկավարության դերակատարությունը թե՛ քեսաբահայության, թե՛ առհասարակ՝ սրիահայության խնդիրներին լուծումներ գտնելու հարցում: