13-08-2014 12:10

ՀԿ-ները ՀՀ ԱԳՆ-ին կոչ են անում աջակցել Իրաքում բռնության ենթարկված եզդիներին

Մի քանի հասարակական կազմակերպություններ Բաց նամակ են հղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրապ Մնացականյանին՝ կոչ անելով ՄԱԿ–ում բարձրացնել Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հարցը։

«Հարգելի պարոնայք Նալբանդյան և Մնացականյան,

Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները:

Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9–ի տեղեկատվության, ավելի քան 850,000 մարդ է Իրաքում տեղահանվել վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնցից 200,000–ը՝ միայն վերջին մեկ շաբաթում: Հենց հիմա Իրաքի հյուսիսում՝ Սինջար լեռան վրա փաստացի շրջափակման մեջ են գտնվում ավելի քան 20,000 եզդիներ, որոնք չունենալով սնունդ և խմելու ջուր, մահվան եզրին են: Տեղահանումներն ընթանում են սպանդով և մարդկության դեմ բազմատեսակ հանցանքներով՝ կանանց առևանգում և վաճառք ստրուկների շուկաներում, բռնաբարություններ, երեխաների զանգվածային ջարդ և այլն: Իրաքում իրավիճակն օրհասական է և պահանջում է միջազգային հանրության կողմից ոչ միայն մարդասիրական պարենային և առողջապահական օգնություն, այլև մարդասիրական ռազմական միջամտություն: Որպես ռազմական միջամտության լիազորություն տվող կառույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է լիազորել խաղաղարար զորքերի մուտքն Իրաք՝ փաստացի ցեղասպանությունը կասեցնելու նպատակով:

Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ՝ Հայաստանը ՄԱԿԻ Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև»:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն
«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն
«Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպություն
«Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն