Բավ է պառակտվել
22-09-2014 09:07

Կոչ եմ անում միջազգային հանրությանը կտրել ԻՊ-ի սնուցման ու ֆինանսավորման ուղիները.ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման հետ: Հայտարարությունը տարածել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ կանգնեցնել, արմատախիլ անել քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրել դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները: