Բավ է պառակտվել
11-03-2014 11:41

ՀԵՀ-ը 780 ուսանողի տրամադրել է կրթաթոշակի հավաստագիր

Պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել է կրթաթոշակի հավաստագիր։ Արարողությանը ներկա է եղել և մի շարք ուսանողների հավաստագրեր է հանձնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի հատկացման մրցույթ կազմակերպելու համար երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշել է, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը լինելու է շարունակական։ «Ինչ էլ ձեզ համար անենք, միևնույն է, քիչ է, դուք ավելիին եք արժանի։ Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ: Այս ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ ուսանողական ինքնակառավարման լավ ձև է։ Ինքներդ չափանիշներ եք սահմանում, ընտրում եք ում տալ կրթաթոշակ, ինքներդ վերահսկում եք, տեսնում եք, թե գումարներն ում են հասնում, ինչը խթան է լավ սովորելու»,- նշեց վարչապետը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ի վիճակի չեն ուսման վարձ վճարել, չպետք է դուրս մնան համակարգից, և կրթաթոշակների այս մրցույթը դրա լավագույն հնարավորությունն է։ «Չնայած կան որոշ մարդիկ, ովքեր փնտրում են սև ու մութ կետեր այս մրցույթում, սակայն պետք է ասեմ, որ սև ու մութ կետեր չկան, և իզուր ժամանակ ու էներգիա թող չծախսեն։ Նախորդ 3 տարիներին մենք այս ծրագրի շրջանակներում արդեն 2150 ուսանողի ֆինանսավորել ենք, ևս 780-ն այսօր ստացան կրթաթոշակի հավաստագրեր։ Ծրագրի շարունակականությունն ապացուցում է, որ ուսանողներն ու կառավարությունը մեզ վստահում են, և մենք կարողանում ենք համապատասխան գումարը ճիշտ հասցեատիրոջը հասցնել։ Կրթաթոշակ ստանալու չափորոշիչները շատ հստակ են. բոլոր անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, ստանում են ուսման վարձի փոխհատուցում»,- ասաց ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար դիմել է մոտ 1500 ուսանող։ Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Մասնավորապես, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից դիմել է 259 առաջին կուրսեցի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից՝ 239, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից՝ 79, Գավառի պետական համալսարանից՝ 23, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից՝ 9 և այլն։ Մարզերում գործող բուհերից ընդհանուր առմամբ դիմել է 217 առաջին կուրսեցի։ Հաշվի առնելով մրցույթին դիմած ուսանողների մեծ թիվը՝ հիմնադրամը, բացի կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, իր միջոցներից ևս գումարներ է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։