Բավ է պառակտվել
18-02-2014 18:22

Պարույր Հայրիկյանը շարունակելու է ՝ ՛՛Ազատությու՛ն՛՛ գոչել

Այսօր, փետրվարի 18-ին, ՛՛Ազատության՛՛ հրապարակում մեկնարկեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը: Հավաքի սկզբում ԱԻՄ-ականները հնչեցրին ՀՀ հիմնը, այնուհետև Տերունական աղոթքը: Հայրիկյանն իր ելույթում հայտարարեց, որ փետրվարի 18-ը հարկավոր է ազատության օր սահմանել:
Նա նշեց, որ Հայաստանն այսօր կանգնած է ռուսական իմպերիալիզմի նոր դրսևորման՝ երեք բռնապետների դաշինք Մաքսային միությանը բռնակցվելու վտանգի առջև, մենք պարտավոր ենք հիշել մեր պատմությունը և առաջնորդվել մեր արժանավոր նախնիների դասերով:

Հայրիկյանը հանրահավաքի ընթացքում հիշեց թե ինչպես 1921թ. փետրվարի 18-ին հայերն ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ և ազատագրեցին Երևանը: Այսօր էլ ինքը ակցիայի մասնակիցներին է կոչ անում համախմբվել և «ո՛չ» ասել բոլշևիկյան բռնապետ Ռուսաստանի Դաշնությանը:

Հայրիկյանը նշեց, որ ԱԻՄ-ն ավելի քան երկու տասնամյակ կոչ է անում հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օրը՝ փետրվարի 18-ը, ազդարարել Ազատության օր:

ԱԻՄ նախագահն նաև հիշեցրեց, որ ժամանակին իրենց ասում էին, թե որքան կարելի է «անկախությո՜ւն-անկախությո՜ւն» գոչել, բայց 4 տարի պետք եղավ խոսել այդ մասին, մինչև որ հասարակությունը հասավ այն մակարդակին, որ 1991-ին հանրաքվեի ժամանակ «այո» ասաց անկախությանը:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք այնքան են խոսելու ազատության մասին, մինչև փետրվարի 18-ը հռչակվի որպես Ազատության օր: Նշենք, որ Հայրիկյանի հանրահավաքին շատ մարդ չէր մասնակցում, բայց դա չխանգարեց ԱԻՄ առաջնորդին արտահայտելու իր մտքերը: