Բավ է պառակտվել
24-04-2014 20:16

Հայոց Ցեղասպանությունը ոչ միայն հայոց պատմությունն է, այլ նաև՝ Թուրքիայի. Հ, Դեմոյան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախօրեին արած հայտարարությանն արձագանքել է նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Պրն. վարչապետ,
Ես զարմացա, որ Ցեղասպանությունից 99 տարի անց թուրք առաջնորդը ապրիլի 24-ի` Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին, պարզապես ցավակցություն է հայտնել «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ: Պետք է ընդունել, որ դա կարևոր քայլ է, սակայն, ցավոք, ուղղված չէ պատմական ճշմարտությունը բացահայտելուն, որը կնպաստեր հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը:
Ցավոք, Ձեր ուղերձը պարունակում է պնդումներ, որոնք արտացոլում են Թուրքիայի պաշտոնական դիրքը, որը ոչ մի ընդհանրություն չունի իրականության հետ: Թույլ տվեք ինձ նշել, որ այսօր շատ թուրքեր դադարել են հավատալ «1915 թվականի դեպքերին», ինչպես Դուք եք նշում, պաշտոնական մեկնաբանմանը:

Դատելով արձագանքներից, որոնք թուրք այցելուները թողնում են Ցեղասպանության թանգարանի հուշագրքում, նրանք ցանկանում են իմանալ ճշմարտությունը, որը խեղաթյուրված և թաքնված է նրանցից Թուրքիայի Հանրապետության ձևավորման հենց սկզբից:

Կա պարզ, բայց ծանրակշիռ պնդում` «ճշմարտությունը ձեզ ազատություն կտա», սակայն նման հայտարարություններով, Դուք, առաջին հերթին, փորձում եք մոլորեցնել թուրք երիտասարդությանը:

Թույլ տվեք Ձեզ հիշեցնել, որ Ձեր ուղերձը հայտնվել է Թուրքիայում Twitter-ն արգելելուց մի քանի օր անց` նման կերպ ոտնահարելով թուրք երիտասարդության ազատ արտահայտվելու իրավունքը:

Ձեր ելույթում հիշատակել եք «ժողովրդավարություն», «խաղաղություն», «օրենքի գերակայություն», «համբերատարություն» և այլ հասկացություններ, որոնք համամարդկային արժեք են ներկայացնում:

Թույլ տվեք Ձեզ հարցնել` ինչու՞ եք գործածում այդ հասկացությունները` իսկ մինչ այդ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ իր սահմանները , մինչդեռ Հրանտ Դինքի սպանողները պատժված չեն և նրանք մեծարվում են Թուրքիայում, երբ հայկական հուշարձանները ամբողջական ոչնչացման եզրին են, երբ հայաբնակ Քեսաբի վրա ծայրահեղականների հարձակումն իրականացվել է Թուրքիայի օժանդակությամբ:
Ես ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչքան վտանգավոր կարող է լինել պատմության վերանայումը, որը կեղծված է և խեղաթյուրված հենց սկզբից: Դա ծանր և նույնիսկ բարդ գործ է, քանի որ թույլ կտա լրացնել բազմաթիվ խնդիրներ և կխախտի Թուրքիայի պատմության շատ տաբուներ: Սակայն ես ուրախ եմ, որ իմ թուրք շատ գործընկերներ համաձայն չեն «1915 թվականի դեպքերը» ուսումնասիրելու համար «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու Ձեր սխալ և հետընթաց գաղափարների հետ:
Հարգելի պրն. վարչապետ,
Այո, Դուք իրավացի եք, որ «ապրիլի 24-ը հատուկ նշանակություն ունի Հայաստանի բոլոր քաղաքացիների և ողջ աշխարհում սփռված հայերի համար»: Սակայն Հայոց Ցեղասպանությունը ոչ միայն հայոց պատմության և հիշողության մի մասն է, այլև Թուրքիայի պատմության ու հիշողության»,-մասնավորապես ասված է Հայկ Դեմոյանի ուղերձում:
Հայկ Դեմոյան