Բավ է պառակտվել
01-11-2014 07:59

ԱՄՆ-ում երեք հայերի դանակահարած վետերանին 12 տարվա ազատազրկման են դատապարտել

Իրաքում եւ Աֆղանստանի պատերազմների հետեւանքով հոգեկան տրավմաներ ստացած ամերիկյան Մեյֆիլդ Հայթս քաղաքի բնակիչ Մեթյու Սեպիկը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ անցյալ տարի երեք մարդկանց վրա դաժանորեն հարձակվելու համար: Այս մասին գրում է Cleveland.com-ը: 29-ամյա Մեթյու Սեպիկը, ով իր գործողությունները բացատրում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման սարսափելի հետեւանքներով, դաժանորեն խեղել է իր նախկին ընկերուհուն, նրա մորն ու Հայաստանից հյուրին: 2013 թվականի սեպտեմբերին Սեպիկը ներխուժել է նրանց բնակարան եւ զինվորական դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել իր զոհերին: Հարձակումից հետո նա փախուստի է դիմել, սակայն նրան բեռնատար մեքենա է հարվածել: Տղամարդն անցյալ ամիս իրեն մեղավոր էր ճանաչել մահափորձի համար: Սեպիկի հոգեկան վիճակի մասին փորձագիտական եզրակացությունը նպաստել է, որ դատավոր Ռոբերտ ՄաքՔլելանդը նման վճիռ է կայացրել: Բացի այդ, ազատ արձակվելուց հետո Սեպիկը պարտավոր է շուրջ 190 հազար դոլար վճարել՝ երեք զոհերի բուժման ծախսերի համար: Դատավարության ժամանակ շրջանի դատախազի օգնական Քերի Սովուլն ընթերցել է զոհերի գրավոր հայտարարությունը: Ելենա եւ Մարինա Արզումանովաները դատարանի դահլիճում են եղել, սակայն չեն ցանկացել ելույթ ունենալ: Հայաստանից անեստեզիոլոգ Կարեն Հովսեփյանը, ով հյուրընկալվել է այդ ընտանիքում Քլիվլենդի կլինիկայի ծրագրին մասնակցելու ընթացքում, հատակին է նայել, երբ դատախազը կարդացել է իր նամակը: Դրանում Հովսեփյանը մանրամասն պատմել է, թե ինչպես է լսել Ելենայի եւ նրա մոր ճիչերը, երբ քնած է եղել հարեւան սենյակում: Նրա խոսքով, Մարինան ամբողջությամբ արյան մեջ է եղել, իսկ Սեպիկը հարվածներ է հասցրել Ելենային: Երբ նա փորձել է դադարեցնել հարձակումը, Սեպիկը շրջվել է իր կողմն ու սկսել հարվածել՝ մի քանի կողոսկր կոտրելով: «Դա նման էր տեսարանի ամենասարսափելի ֆիլմից, որը ես երբեւէ դիտել եմ»,- գրել է նա: Հովսեփյանը մի քանի օր անց արթնացել է հիվանդանոցում: Նա կորցրել է ձախ աչքը: Վնասվել են նրա երիկամները, լեղապարկը եւ ուսը: Անցյալ տարի նա ստիպված է եղել երկրում մնալ, քանի որ վիրահատությունների ենթարկվել եւ թերապիա անցել: Բժիշկն այլեւս չի կարողանում նույնիսկ մեկ բաժակ սուրճ բռնել ձեռքերում, էլ չենք խոսում արդեն բժշկական պրակտիկայի մասին: Նա ավելի քան 140 հազար դոլարի բժշկական հաշիվներ է հավաքել եւ պետք է անընդհատ հիշի միջադեպի մասին, քանի որ ստիպված է բացատրություններ տալ, երբ իրենից պահանջում են վճարել: Մարինա Արզումանովան իր նամակում պատմել է, որ երբ 1990-ականների կեսերին կորցրել է ամուսնուն, պայքարել է, որպեսզի ոտքի կանգնեցնի երկու դուստրերին: Երբ իրենց կյանքում հայտնվել է Սեպիկը, նրան ընդունել է իր ընտանիքում, միշտ տոնել է ծննդյան տարեդարձը եւ հուսադրել, երբ նա ճնշված է եղել: Իսկ այսուհեւ այլեւս չի կարողանա քայլել առանց ձեռնափայտի եւ հիմա ապրում է հաշմանդամության համար տրվող փոքրիկ թոշակով, ինչպես նաեւ ընկերների եւ ազգականների բարության շնորհիվ: Նրա 22-ամյա դուստր Ելենան, ով ձգտում էր օրթոդոնտ դառնալ, թերեւս երբեք չի կարողանա հասնել իր նպատակին: Նա գրեթե չի կարողանում շարժել ձախ ձեռքը եւ կորցրել է դեմքի ձախ կողմի զգայնությունը: Ելենան գրել է, որ տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից եւ ամեն օր դեղ է ընդունում: Մեթյու Սեպիկի հայրը՝ Մայքլը, ներողություն է խնդրել որդու գործողությունների համար, չնայած խոստովանել է, որ իր խոսքերը չեն բուժի զոհերի վերքերը: «Մեթյուն հիվանդ է: Ես գիտեմ, որ դա ձեզ չի օգնի, բայց նա սիրում է ձեզ»,- ասել է նա: Մայքլը հավելել է, որ բանակը տարել է իր հանգիստ որդուն եւ նրան վերածել ռազմիկի, ով Իրաքում եւ Աֆղանստանում ծառայության տարիներին աներեւակայելի բաներ է տեսել ու արել: Մեթյու Սեպիկը զոհերի հայտարարությունները լսելիս ամբողջ մարմնով դողացել է: Այնուհետեւ նա բարձրացել է տեղից եւ դժվարությամբ երկար հայտարարություն կարդացել, որում խոսել է Արզումանովաների հանդեպ իր սիրո մասին, հարձակումը կապել հոգեկան հիվանդության հետ, որի դեմ բուժում չի ստանում: «Ես զզվանք եմ զգում՝ մտածելով, որ ունակ էի նման բան անել»,- ասել է նա: Դատավորը հրահանգել է Սեպիկի հոգեբուժական փաստաթղթերն ուղարկել կալանավայր՝ հույս հայտնելով, որ այնտեղ նա կստանա այն օգնությունը, որի կարիքն ունեցել է վերջին տասը տարիների ընթացքում: «Ոչ մի տարի չի կարող վերականգնել այն, ինչ կորցրել են այդ մարդիկ»,- արձանագրել է ՄաքՔլելանդը: