Բավ է պառակտվել
26-09-2014 09:12

Ֆրանսիայի խորհրդարանի առջև հայերը զանգվածային բողոքի ակցիա են անցկացնելու

Հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը զանգվածային ակցիա է անցկացնելու երկրի Ազգային ժողովի շենքի առջև՝ ի նշան բողոքի «Իսլամական պետության» կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման դեմ: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը: «Պայթեցնելով Դեյր Զորի հայկական հուշարձանը, միակը այլ վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, Սիրիայում գործող ջիհադական ուժերը հատեցին հանցավոր խելագարության  վերջին սահմանը»,- ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հանակարգող խորհրդի հայտարարությունում: «Հարկավոր է վերջ տալ այս գլխապտույտ հանցավոր պարույրին և դրան ուղեկցող միջազգային կեղծավորությանը: Չի կարելի Իրաքում պայքարել ջիհադականների դեմ, բայց միաժամանակ չխոսել Սիրիայում նրանց հանցագործությունների մասին՝ աչք փակելով այն աջակցության վրա, որից նրանք օգտվում են, հատկապես՝ թուրքական կառավարության կողմից»,- ընդգծում են հայտարարության հեղինակները: