05-09-2014 12:34

Հայաստանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների գործունեությունը

 

Այս շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում գումարված կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) եւ Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) գործադիր խորհրդի 2014թ. երկրորդ պարբերական նստաշրջանին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե իր ելույթում դեսպան Մնացականյանը կարեւորեց ՄԱԶԾ եւ մյուս գործակալությունների ներդրումն 2015թ.-ից հետո զարգացման օրակարգի մշակման գործում։ Ընդգծելով ընթացիկ տարվա կարեւորությունը ՄԱԶԾ եւ ՄԱԲՀ նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման մեկնարկի տեսանկյունից՝ նա անդրադարձավ հիշյալ գործակալությունների ֆինանսական աղբյուրներին եւ դրանց բազմազանեցման հարցին։

Գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ առանձնահատուկ դերը՝ ՀՀ դեսպանը կարեւորեց ներկայումս գործակալության կողմից Հայաստանում իրականացվող զարգացման զանազան ծրագրերը եւ հույս հայտնեց, որ ՄԱԶԾ հայաստանյան հաջորդ ծրագիրը (2016-2020թթ.) լիարժեքորեն կարտացոլի ՄԱԶԾ զարգացման արդյունքների գնահատման զեկույցի եւ ազգային խորհրդակցությունների արդյունքներն ու առաջարկները՝ համահունչ Հայաստանի ազգային գերակայություններին եւ «ետ-2015-յան ձեւավորվող օրակարգին»։

Այնուհետեւ դեսպան Մնացականյանը ողջունեց ՄԱԶԾ կառավարչի որոշումն այցելելու Հայաստան, հայտնեց ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու Ծրագրի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը՝ կարեւորելով ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի եւ կենտրոնակայանի միջեւ ուղիղ կապի ամրապնդումը։

Գործադիր խորհրդի նստաշրջանին զուգահեռ տեղի ունեցած հանդիպումներում ՄԱԲՀ կողմից բարձր է գնահատվել խնդիրները բացահայտելու, դրանց արագ արձագանքելու եւ երկարաժամկետ լուծումներ գտնելու Հայաստանի ջանքերը: