01-10-2014 16:12

Հայաստանը հասնում է ծերացող հասարակությունների շեմին

Այսօր տոնում ենք Տարեցների միջազգային օրը: Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ այսօր 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ կազմում են աշխարհի ողջ բնակչության 12%-ը։ 2030թ.-ին այս մարդկանց թիվը կգերազանցի մինչև 10 տարեկան երեխաների թիվը և տարեցների թիվն աշխարհում կհասնի շուրջ 2 միլիարդի:
Բնակչության շրջանում 8%-ից քիչ 60 տարեկանից բարձր անձիք ունեցող հասարակությունները երիտասարդ են համարվում, 8-13% տարեցներ ունեցող հասարակությունը համարվում է ծերացող, իսկ 13%-ից բարձրը՝ ծերացած։ Այսօր 60-ից բարձր տարիք ունի ՀՀ բնակչության 13%-ը։
Ըստ Գարիկ Հայրապետյանի ներկայացրած տվյալների, փաստորեն, Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին։ Իսկ կանխատեսնումները վկայում են, որ շուտով կհատի այդ շեմը։ Պատճառը Հայաստանի անկախությունից հետո ծնելիության թվի կրճատումն է, իսկ կենսապայմանները գնալով բարելավվում են, ուստի, ստացվում է, որ 2050թ.-ին 65-ից բարձր տարիք ունեցողները կայուն մոտեցման դեպքում(այսինքն եթե նոր քաղաքականություն չկիրառվի) կկազմեն բնակչության 23%-ը, իրատեսականի դեպքում՝ (եթե քաղաքականություն տարվի) 22%, լավատեսական մոտեցման դեպքում՝ 20%-ը, հոռետեսականի դեպքում՝ 24%:
Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը, խոսելով այս հարցում Հայաստանի որդեգրած սոցիալական քաղաքականության մասին, նշեց, որ քայլ առ քայլ ծրագրեր են մշակվում, քաղաքական փաստաթղթեր են ընդունվում տարեցների համար արժանապատիվ կենսապայմաններ ստեղծելու համար։
«Խոսքը ոչ նյութական ապահովության` խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման մասին է։ Հայաստանում գործում են շուրջօրյա խնամքի 8 կենտրոններ, ցերեկային կենտրոններ, առկա է տնային պայմաններում խնամքի սոցիալական ծառայությունների մատուցում։ Պետությունն այս ծառայությունների դիմաց բյուջեից տրամադրում է տարեկան ավելի քանի 2.5 միլիարդ դրամ:
Անահիտ Գևորգյանը հայտնեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նաև երկու կարևոր փաստաթուղթ. մեկը Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունն է, որն ունի գործողություններ ծրագիր 2012-2016թթ-ների համար։
Սեպտեմբերի 18-ին էլ ընդունվել է Տարեցներին նոր սոցիալական ծառայությունների տրամադրման հայեցակարգը։ «Պետության կողմից այսօր երաշխավորվող նվազագույն փաթեթից բացի այս հայեցակարգով նախատեսում ենք տրամադրվող ծառայությունների նոր մոդելների ստեղծում մինչև 2018թ.-ը, այդ թվում՝ վճարունակ տարեցի դեպքում կարող են մատուցվել նաև վճարողի ծառայություններ»,-նշեց Անահիտ Գևորգյանը: