Բավ է պառակտվել
17-04-2014 17:37

Ապրիլի 29-ին Հայաստանը կստորագրի Մաքսային Միությանն անդամակցելու փաստաթուղթը. Վ. Ավանեսյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը:

Սակայն, դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները:

Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձեւավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք: Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երեւանը բանակցություններ սկսեց մոտ 900-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:

Լրագրողների այն դիտարկմանը, որ, եթե բանակցությունները դեռեւս ավարտված չեն, ինչո՞ւ է այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում, թե ապրիլի 29-ին միեւնույն է ստորագրելու է Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը, նախարարը նշել է.

՛՛Դա այդպես չէ, մենք հիմա բանակցում ենք թեմայի շուրջ եւ, բնականաբար, ստորագրության ժամկետը որոշված է՝ ամսի 29-ին, բայց ամսի 28-ին վերջնական բանակցությունների արդյունքը կլինի։ Էսօրվա վիճակով մենք չենք կարող ասել՝ բանակցությունները կավարտվեն ամբողջովին, թե՝ ոչ, բայց հույս ունենք, որ կավարտվեն։ Դա նորմալ պրակտիկա է, զարմանալի բան չկա դրա մեջ»,- ասաց նախարարը.- «Ցանկացած բանակցության դեպքում ստորագրման օր է լինում եւ բանակցությունների ավարտի օր է լինում՛՛։