Բավ է պառակտվել
23-06-2014 15:11

Հայաստանում սատանայական խմբավորումներ են գործում

Հայաստանում մոտ 350 հազար հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չէ:Մեր երկրում աղանդավորական կազմակերպությունների պակաս չի զգացվում: Արտասահմանյան ցանկացած աղանդավորական կառույց Հայաստանում ունի մասնաճյուղ: Այս մասին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա այսօր, այդ կրոնական կազմակերպությունները բարեգործական նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք իրականում շահույթ են հետապնդում:
Ըստ Ամարյանի՝ ըստ օրենքի կրոնական կազմակերպություններն իրավունք չունեն այլ երկրներից ֆինանսական աջակցություն ստանալու, սակայն Ավետարանչական եկեղեցին այս օրենքը խախտում է:

Դու չես գնում եկեղեցի, եկեղեցին է գալիս քո տուն, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի աղանդավորական կազմակերպություններն այս հիմունքով են աշխատում: Նա փաստում է, որ նմանատիպ կառույցների այցելու ավելի հեշտությամբ կանայք են դառնում, ովքեր կամ միայնակ են ապրում, կամ էլ անձնական կյանքում անհաջողություններ ունեն: Իսկ Հայաստանում կրոնական կազմակերպություններից մեծ հաջողություն ունեցավ Ավետարանչական եկեղեցին:
Հայ Առաքելական եկեղեցին իր դիրքերն ու քարոզչությունն ավելի պետք է ամրապնդի, դրանով կարելի է խոչընդոտել աղանդավորական կազմակերպությունների հոգեորսությունը: Ամարյանը փաստում է, որ աղանդավորական կազմակերպություններն իրենց գործունեությամբ հոգևոր սնունդ չեն տալիս, այլ միայն գումարներ են շորթում:Այդ խմբեր այցելելուց հետո, շատերը հոգեբանական լուրջ օգնության կարիք են ունենում: Անգամ ինքնասպանության դեպքեր են հայտնի: Աղանդի զոհ դառնում են ինքնամփոփ մարդիկ, ովքեր ուշադրության կարիք ունեն, փաստեց Ալեքսանդր Ամարյանը:

Gisher.news-ի հետ զրույցում Ամարյանը նշեց, որ Հայաստանում նաև սատանայական խմբեր են գործում, ովքեր հանցավոր գործունեություն են ծավալում, դառնալով սպանության հեղինակ, կամ ինքնասպանությունների պատճառ: Ի դեպ հետաքրքրականն այն է, որ սատանայական խմբերում ազգությամբ հայեր են, ովքեր մոռանալով իրենց արմատները տրվել են սատանային: