Բավ է պառակտվել
19-02-2014 13:13

Ըստ Գագիկ Մակարյանի ՀՀ-ում գործազրկության մակարդկը գնալով աճելու է

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ այսօր Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիր է Ռուսաստանում միգրանտների մասին օրենքի փոփոխությամբ Ռուսաստանից սպասվելիք պոտենցիալ հայ միգրանտների հարցը: Ըստ նրա՝ այդ օրենքի հետևանքով Հայաստանում մարդկանց եկամուտները կնվազեն, իսկ աղքատների և գործազուրկների թիվը կմեծանա։
Մակարյանը նշեց, որ եթե նույնիսկ 100 000-ը Հայաստան վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները, կբարձրանա աղքատության մակարդակը:

՛՛Ես ՀՀ Կառավարության կողմից ճկուն մոտեցում այդ հարցում չեմ տեսնում, բոլորը հանգիստ են, կարծես թե տիրապետում են իրավիճակին՛՛:

Ինչ վերաբերում է Մաքսային Միությանը, Մակարյանը հավելեց, թե ստացվում է, որ Ռուսաստանը մեզ տվել է կոնսպեկտ, և այդ կոնսպեկտի վրա մենք աշխատում ենք: Բանակցությունների կուլտուրա կա, այդպես բանակցություններ չեն ստացվում, դա հարկադրանք է:

Ապրանքների մաքսատուրքերի մասով Գագիկ Մակարյանն ասաց, որ ոչ թե ռուսական կողմը պետք է ցուցակ տա, այլ Հայաստանն էլ իր հերթին իր ցուցակները պետք է հրամցնի, որով կսահմանվի Հայաստանից արտահանվող ապրանքների գինը:

«Ռուսական կողմը վարպետորեն մշակել է ապրանքների ցուցակ, որն ակամայից առաջացնում է հարկադրական վիճակ: Ընդ որում, խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է տնտեսության մեջ զարգացնել մրցունակ ապրանքներ, բայց ստացվում է, որ Հայաստանը հարկադրված է վերցնել այն, ինչ տալիս են: