Բավ է պառակտվել
08-03-2014 15:11

Հայաստանում աղջիկների ՛՛դեֆիցիտ՛՛ է սկսվում. Տղաները չեն կարող հարսնացու ընտրել

 

Երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը պարզապես անթույլատրելի է, այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը: Ըստ նրա վերջին տարիներին հատկապես մի թիվ է արձանագրվել, որը շատ մտահոգիչ է. հղիության արհեստական ընդհատման մասին է խոսքը՝ յոթ հազար երկու հարյուր չծնված իգական սեռի արհեստական ընդհատման դեպք։

՛՛Եթե այս տեմպերը շարունակվեն, մոտ հիսուն տարի հետո մենք կունենանք 93 հազար չծնված մայր: Այսինքն՝ ստացվում է, որ մենք իրականացնում ենք ներքին ցեղասպանություն՛՛,- հավելեց նա:

Մարգարիտա Հովսեփյանի հավաստմամբ դա շատ լուրջ խնդիր է, պետք է լրջորեն մոտենալ այդ հարցին և արթնացնել հասարակությանը: Խնդիրը հասարակության գիտակցության մեջ է, պետք է փոխել այդ գիտակցությունը: Հիմնականում նախընտրում են ունենալ տղա, որը, սակայն, տասնհինգ տարի հետո չի կարողանա ընտրել հարսնացու:
ՀԿ նախագահը կոչ արեց զերծ մնալ նման քայլերից, քանզի երկիրը դեմոգրաֆիկ խնդիր ունի. այսօր արդեն Հայաստանն այդ առումով լուրջ մարտահրավերի առջև է կանգնել:

Նա նաև տեղեկացրեց, որ «սելեկտիվ» աբորտների ցուցանիշով Հայաստանն աշխարհում երկրորդ տեղն է գրավում Չինաստանից հետո: Սա իհարկե խայտառակ ցուցանիշ է, Հայաստանի նման քիչ բնակչություն ունեցող երկրի համար: