01-07-2018 16:28

Հայաստանի քաղաքացիների կարևորագույն պահանջը արդարության պահանջն է

Այսօր դատախազության 100-ամյակին նվիրած միջոցառմանը մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց՝ Հայաստանի քաղաքացիների կարևորագույն պահանջը արդարության պահանջն է, որն ի կատար ածելու համար դատախազության դերը շատ կարևոր է:

Իր շնորհավորական խոսքում վարչապետը նշեց, որ բոլոր պետական մարմինների, այդ թվում դատախազության համար նոր էջ է բացվել, և այդ նոր էջը մեծ հնարավորություն է տալիս դատախազությանը․ - «Այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետևյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ և արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որևէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյալների, մեղադրյալների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանվեն և սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է»:

Վարչապետը շեշտեց՝ Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրը պետք է լինի օրինականության ապահովումը․ - «Ըստ էության, դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարևոր խաչմերուկն է և շատ կարևոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին, իրավունքին, տրամաբանությանը համապատասխան: Եվ ուրեմն, նոր Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրն է՝ ապահովել օրինականությունը, օրինական այն առումով, որ նա չպետք է հաշվի առնի, թե ով է օրիանականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա: Այս վերաբերմունքը, այս հարաբերությունը որևէ կապ չպետք է ունենա քաղաքական որևէ կոնյուկտուրայի, քաղաքական որևէ ենթատեքստի հետ»:

Ելույթ ունեցավ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ շեշտելով, որ դատախազությունը շարունակելու է օրինականության ապահովման իր գործունեությունը․ - «Գիտակցելով մեր ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք համարձակորեն՝ մերժելով նաև նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսևորումներ: Միաժամանակ, հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա և լինելով բավականաչափ ճկուն՝ տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ»:

Միջոցառման ավարտից հետո  վարչապետն ասաց, որ Գլխավոր դատախազի գործունեության վերաբերյալ քաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն չի տեսնում․ - «Կարծում եմ, որ դատախազությունը և դատախազական համակարգը պետք է ունենան այդ հնարավորությունը՝ լիարժեք կատարելու իրենց գործառույթները»:

Այն հարցին, որ Դավթյանն աշխատել է նաև նախորդ իշխանությունների օրոք և մեծ կոռուպցիոն բացահայտումներ չեն եղել, վարչապետը պատասխանեց․ - «Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, պետական համակարգի յուրաքանչյուր աշխատողի մասին կարելի է այդ բանը ասել: Ինչպես ես նախկինում ասել եմ, մեր գործողությունները չեն լինելու վենդետայի տրամաբանությամբ և մեր խնդիրը հանրային համերաշխությունը ապահովելն է, և ես հույս ունեմ, որ դատախազությունը կգնա այդ ճանապարհով: Համենայնդեպս, ես այդպիսի քայլեր տեսնում եմ և հույս ունեմ, որ այդ քայլերը համոզիչ կլինեն թե՛ իրավունքի տեսակետից, թե՛ օրենքի տեսակետից և թե՛ հանրային կարծիքի տեսակետից»:

Իր հերթին Գլխավոր դատախազն ասաց՝ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել․ - «Չեմ պատրաստվում: Թերություններ կան բոլորիս աշխատանքներում, և մենք ամեն օր մեր աշխատանքը ավելի կատարելագործելու, ավելի զարգացնելու անհրաժեշտություն ունենք: Մեզ համար անչափ կարևոր է նկատել մեր սխալները և թերությունները, և դրանց ուղղման ուղղությամբ ձեռնարկել գործուն քայլեր: Դուք, կարծում եմ, ականատեսն եք դրա և դա խիստ շարունակական բովանդակություն է ունենալու»: