01-02-2014 10:15

Հայաստանում քաղաքային բնակչության թիվը պակասում է

 2013թ. ընթացքում ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը կազմում է 1մլն. 452 հազ. 85 մարդ, իսկ հեռացածներինը՝ 1 մլն. 494 հազ. 86 հոգի: Այսպիսով` բացասական սալդոն կազմում է 42 հազ. 1 մարդ, ինչը 7.659-ով պակաս է 2012թ. նույն ցուցանիշի հետ համեմատած: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն հրապարակման համաձայն՝ ընդհանուր առմամբ նախորդ տարի երկիր է մուտք գործել 2 մլն. 476 հազ. 350 մարդ, իսկ դուրս եկել՝ 2 մլն. 507 հազ. 538 մարդ: Այս դեպքում բացասական սալդոն կազմում է 31 հազ. 188 մարդ, ինչը 11 հազ. 623 մարդով պակաս է նախորդ տարվա համեմատ: Նշենք, որ այս ցուցանիշի մեջ ներառված են նաև օտարերկրյա քաղաքացիները:

Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների գրեթե կեսը՝ 728 հազ. 828-ը երկրի սահմանը հատել է Բագրատաշեն անցակետով: Երկրից դուրս եկած ՀՀ քաղաքացիների դարձյալ շուրջ կեսը՝ 768 հազ. 554-ը սահմանը հատել է նույն անցակետով: Այսպիսով, միայն ՀՀ քաղաքացիների՝ Բագրատաշեն անցակետով երկիր ժամանածների և հեռացածների բացական սալդոն կազմում է 39 հազ. 726 մարդ: Զվարթնոցի օդանավակայանով երկիր մուտք գործած և դուրս եկած քաղաքացիների հաշվեկշիռը դրական է՝ 16 հազ. 708 մարդ:

Նույն ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ–ում մշտական բնակվողների թիվը կազմել է 3 մլն. 17 հազ. 400 մարդ, ինչը 9500–ով պակաս է 2013թ-ի հունվարի 1-ին արձանագրված տվյալների համեմատ:

Այսինքն՝ անցյալ տարի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 26 հազ. 900 մարդ: 

2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակչությունը կազմել է 1 մլն. 914 հազ. 300 մարդ, որոնցից միայն 1մլն. 068 հազ. 600-ը մայրաքաղաքում, իսկ գյուղականը` 1մլն. 103 հազ. 100 մարդ:

Նշենք, որ 2013թ-ի հունվարի 1-ի համեմատ Հայաստանում քաղաքային բնակչությունը պակասել է 3200-ով, իսկ գյուղականը՝ 6300 մարդով: