Բավ է պառակտվել
24-06-2014 10:00

Հռոմի հայ համայնքը Հռոմի պապից օգնություն է խնդրել

Արգենտինայի հայ համայնքը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով նրան` միջամտել Սիրիայի հակամարտությանը՝ համոզված լինելով, որ պապի խոսքը կարող է խաղաղություն բերել Միջին Արևելքի հակամարտող տարածաշրջանում և ապահովել փախստականների վերադարձն իրենց տները:
Prensaarmenia.com կայքը հաղորդում է, որ նամակում խոսվում է «տխուր և ցավալի իրավիճակի մասին, որում հայտնվել են Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությունները» և նշվում է, որ «քաղաքացիական հասարակությունն ապրում է ծայրահեղ մտահոգիչ վիճակում»:

«Օրինակ` մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաքը հարձակումների է ենթարկվել «Ալ-Կաիդային» առընթեր խմբավորումների կողմից, որոնք Սիրիա են ներխուժել Թուրքիայի հետ սահմանից: Մարտի 24-ի հարձակումներից հետո քեսաբահայությունն ստիպված տարհանվել է և տեղավորվել Լաթաքիայի ապաստաններում:

Հունիսի 2-ից՝ Սիրիայի նախագահական ընտրություններից հետո, հարձակումների թիրախ էր դարձել Հալեպը: Նույն զինված խմբավորումները հրթիռներ են նետել Նոր Գյուղի ուղղությամբ, որը ևս մեծամասամբ բնակեցված է հայերով: Իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի», - ասվում է Հռոմի պապին ուղղված նամակում:

Ներկայացնելով վերոնշյալ համատեքստով նամակը՝ հայ համայնքը խնդրել է Հռոմի պապին` «ևս մեկ անգամ ապացուցել, որ տարբեր կրոնների, ազգության, լեզու կրող և տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ կարող են բնակվել ներդաշնակության և համերաշխության մթնոլորտում»: