Բավ է պառակտվել
07-02-2014 11:47

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաշվարկներ կանի տրանսպորտի սակագնի վերաբերյալ

 Մոտ վեց ամիս է ինչ ձևավորվել է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերի ընթացքում արդեն իսկ քննարկվել և հաստատվել են երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները, իրականացվել է ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում ուղևորահոսքի ուսումնասիրությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Ուղևորափոխադրումների գնի ձևավորման համար առանցքային նշանակություն ունեցող հիշյալ հաշվարկը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Քննարկումների ընթացքում հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ վառելիքի և յուղի գների, տրանսպորտային միջոցների լիկվիդացիոն ծախսերի և այլ հաշվարկների վերաբերյալ, սակայն դրանք չեն եղել ամբողջական և հիմնավորված և վերաբերել են միայն ծախսերի առանձին բաղադրիչներին: Մինչ օրս Հանձնաժողովում ծախսերի այլընտրանքային որևէ ամբողջական հաշվարկ-հիմնավորում չի ներկայացվել, ինչն էլ հետագայում կարող է տրանսպորտի սակագնի փոփոխման պատճառ հանդիսանալ, մինչդեռ որոշ մասնագետներ պնդում են, որ այլ հաշվարկների առկայության դեպքում կարելի է խուսափել բարձր սակագնից:
Գտնվելով հանձնաժողովի կազմում՝ Պաշտպանի խորհրդականի նպատակն է հետամուտ լինել, որպեսզի քննարկվեն և հաշվի առնվեն սակագնի ձևավորման հնարավոր բոլոր արդյունավետ տարբերակները:
Սակայն, քանի որ Պաշտպանի աշխատակազմը չունի մասնագիտական տնտեսական հաշվարկներ անելու համապատասխան ռեսուրսներ, խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Պաշտպանի աշխատակազմին կամ տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել այլընտրանքային հաշվարկ հիմնավորումներ, որոնք հիմնված կլինեն արդեն իսկ հաստատված չափորոշիչների վրա: Լրացուցիչ աջակցության համար կարող եք կապ հաստատել Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հետ ՝զանգահարելով 53-75-51 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին: