25-12-2014 15:47

Սահմանափակ կարողություններով երեխաները՝ նախագահի նստավայրում

Բաղրամյան 26-ում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ամենամյա տոնական միջոցառումների շրջանակում հյուրընկալվեցին սահմանափակ կարողություններով 11 երեխաներ, ինչպես նաեւ զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։

«Նման միջոցառումները նպաստում են, որ երեխաները ինտեգրվեն հասարակությանը: Նրանց սոցիալ-հոգեբանական վիճակի կայունացման վրա շատ մեծ ազդեցություն են թողնում նման հրավերքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Աշտարակից ժամանած 11-ամյա Շուշանիկ մայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դուստրը անհամբերությամբ էր սպասում այս միջոցառմանը: «Ինքը հիմա բուժման մեջ է, դեղորայք է օգտագործում ծնված օրվանից եւ մինչեւ կյանքի վերջ պետք է օգտագործի: 10 տարի տնից դուրս չի եկել, այսպիսի ամանորյա հանդեսներ տեսել է հեռուստացույցով, իր ցանկությունն էր ներկա լինել այս մեծ արարողությանը։ Այս տարի նրա համար մեծ անակնկալ էր, որ հրավիրված է: Օրերն ու ժամերն էր հաշվում, որպեսզի գա ու տեսնի այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, ինչպես են բալիկներն ուրախանում»,- ասաց Ձմեռ պապից համակարգիչ սպասող Շուշանիկ Հովակիմյանի մայրը:

Նախագահական նստավայր ժամանած երեխաներին ողջունեցին եւ գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Ես վստահ եմ, որ ձեզնից շատերը գալու են այս շենք որպես հաղթող երեխաներ, գալու են այս շենք, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականներրի, ստեղծագործողների համար սահմանված նախագահի մրցանակները: Միշտ հիշեք երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ կարողանալու եք հաջողությամբ ավարտին հասցնել, այդ ամենին կարող եք հասնել միայն ուրախությամբ եւ սիրով»,- իր խոսքում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը: