Բավ է պառակտվել
27-03-2014 17:55

ՀՀ գլխավոր դատախազը ՛՛Հարսնաքարի՛՛ գործով դատապարտվածների պատժաչափը համարժեք է համարում

«Հարսնաքարի» գործով դատարանի վճռի ընթերցումից հետո, դատարանի դահլիճում ամբաստանյալների հարազատները սկսեցին անիծել դատավորին, փաստաբաններին ու լրագրողներին:Վերջինիս վերաբերյալ քայլեր ձեռնարկել կամ չձեռնակելու որոշում ՀՀ գլխավոր դատախազությունը կկայացնի միայն նիստի արձանագրությունն ուսումնասիրելուց հետո։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա նշել է, որ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն՝ արդյոք խոսում ենք քրեաիրավական դրսեւորումների մասին, թե՝ ոչ: «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատժաչափերը Կոստանյանը գնահատել է համարժեք։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով բոլոր վեց մեղադրյալներին առաջին ատյանի դատարանը դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման եւ 100 000-ական դրամ տուգանքի։ Մինչ դատավորը կարդում էր վճիռը, ամբաստանյալների հարազատները անիծում էին նրան, իսկ դատավճիռը լսելուց հետո սկսեցին հայհոյել, վիրավորել ու անիծել դատավորին, Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանին եւ լրագրողներին։ Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: