Բավ է պառակտվել
24-03-2014 15:39

Անեծք,հայհոյանք ու լաց՝ դատարանի դահլիճում. երիտասարդ բժշկին սպանելու համար մեղավորները 12 տարվա ազատազրկման դատապարտվեցին

Արդեն մեկ տարուց ավել է հանրությունը սպասում է, թե ինչ պատիժ են կրելու «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ վահե Ավետյանին ծեծելով սպանած անձինք: Քանի որ բռնարարները ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի աշխատակիցներն էին, մարդիկ ու ակտիվիստները մեծ աղմուկ բարձրացրին, կարծելով, թե մեղավորները կրկին կմնան ազատության մեջ: Բայց ստացվում է, որ դատական համակարգը արդար է գործում: Այսօր ՛՛Հարսնաքարի՛՛ գործով բոլոր մեղադրյալներին առաջին ատյանի դատարանը դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման եւ 100 000-ական դրամ տուգանքի։ Մինչ դատավորը կարդում էր վճիռը, ամբաստանյալների հարազատները անիծում էին նրան ամբողջ ընթացքում ու բարձրաձայն արտասվում, իսկ երբ լսեցին ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի եւ Գարիկ Մարգարյանի դատավճիռը, նրանց հարազատները սկսեցին հայհոյել, վիրավորել ու անիծել դատավորին, Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանին եւ լրագրողներին։ Նշենք, որ Գարիկ Մարգարյանը եւ Նորայր Հայրապետյանը փորձել են հարձակվել փաստաբանի վրա, սակայն ոստիկանները միջամտել են։ Իսկ ահա մեղադրյալ Գարիկ Մարգարյանի մայրը վատացել է ու անգամ պառկած տեղից շարունակել է հայհոյել ու անիծել: Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողներին ասել է,թե կայացվել է ամենաապօրինի դատավճիռը, իր պաշտպանյալը կապ չի ունեցել այդ ամենի հետ եւ պետք է ազատ արձակվեր։ Նա պատրաստվում է բողոքարկել վճիռը։ 

Հիշեցնենք, որ մեղադրողը 13 տարվա ազատազրկում էր պահանջել ամբաստանյալների համար։ Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: