09-07-2014 15:36

Հանրային խորհրդում քննարկված հարցերը երկրի նախագահին կներկայացվի

 

 

 

Երեւանում, հուլիսի 8-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստը, որտեղ քննարկված հարցերի մի մասը ներկայացվելու են երկրի նախագահին հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ:

ՀԽ փոքր նիստում քննարկվել են հետեւյալ հարցերը.

1. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:

2. Արտագաղթի իրական չափերը, հետեւանքները եւ դրա կանխարգելմանն ուղղված քայլերը:

3. Կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունն ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաեւ այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:

4. Երեւանի փողոցներում «կարմիր գծերի» օրինականության եւ ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցը:

5. Էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների (Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի եւ նոր ատոմակայանի կառուցում) եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

6. Անկախության տարիներին հանքերի վաճառքի եւ օգտագործման շահավետության հարցը:

7. Սննդամթերքի թանկացման պատճառները եւ ս.թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման իրական պատկերը:

8. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:

Այլ հարցեր:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցի քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մանրամասն ներկայացրել է գործընթացը՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին:

Արտագաղթի իրական չափերի, հետեւանքների եւ դրա կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայացրել է նաեւ արտագաղթի վերաբերյալ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` հարցը եւս մեկ անգամ համակողմանիորեն ուսումնասիրելու եւ ՀՀ նախագահին ներկայացնելու համար:

Ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաեւ այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա կենսաթոշակային նոր համակարգի ազդեցության վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մանկավարժներ Սոֆյա Հովսեփյանը եւ Շողեր Բաբայանը: Նրանք ներկայացրել են մանկավարժների վարձատրման հետ կապված խնդիրները` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո: Որոշվել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կամբողջացնի խնդիրները ՀՀ նախագահին ներկայացնելու համար: