Բավ է պառակտվել
21-06-2014 19:23

ՀՀԿ-ական պատգամավորը ԴԵՄ ԵՄ շարժման ակտիվիստներին հայհոյել է

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, նշելով, որ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայհոյել է ակտիվիստներին եւ պետք է ներողություն խնդրի:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սույն բաց նամակով դիմում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին` պահանջելով վարույթ հարուցել եւ քննարկման առարկա դարձնել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:

Հարցն այն է, որ սույն թվականի հունիսի 21-ին կեսօրին ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հապճեպ ընդունման եւ ՀՀԿ խմբակցության ամբարտավան վարքագծի դեմ:

Չնայած հանրության լայն զանգվածի դժգհությանը, այնուամենայնիվ նշյալ օրինագիծն ընդունվեց միայն ՀՀԿ խմբակցության քվեարկության արդյունքում:

Քվեարկությունից հետո պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դուրս գալով ՀՀ Ազգային ժողովի շենքից անվայելուչ արտահայտություն է արել շենքի դիմաց գտնվող քաղաքացիների հասցեին՝ նրանց անվանելով՝ «Արա, դուք պիդեռներ եք», ինչին մի խումբ քաղաքացիներ համապատասխան արձագանքել են՝ մանրադրամներ նետելով նրա ուղղությամբ:

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, եւ 44-րդ հոդվածի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու, պահանջները` գտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից հայհոյանք պարունակող արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր եւ պատշաճ վարքագիծ է, ինչպես նաեւ էթիկայի կանոնների կոպիտ խախտում:

Նման վարքագծի դրսեւորումն էլ ավելի է խորացնում հարգանքի եւ վստահության բացակայությունը ոչ միայն իր, այլ նաեւ իր անդամակցած կուսակցության նկատմամբ:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում արձագանքել հանրության այս պահանջին՝ վարույթ հարուցել եւ քննարկել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը»: