12-02-2014 16:26

Արցախի փողոցում հանրակացարանային շենք է ինքնափլուզվել

Այսօր, ժ. 05։15-ի սահմաններում փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքը. փլուզման պահին ոչ շենքի ներսում և ոչ էլ շրջակայքում որևէ անձ, բնակիչ չի եղել, քանի որ շենքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ։ Մասնավորապես, հաշվի առնելով շենքի փլուզման վտանգը, մասնաշենքի բոլոր բնակիչները վերաբնակեցվել են դեռևս նախորդ տարվա առաջին կիսամյակում. Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ շենքը ենթակա էր քանդման, ուստի այն հսկողության տակ պահելու համար նշանակված է եղել պատասխանատու, շենքի մուտքերը շինարարական եղանակով՝ քարով, փակված և կնքված են եղել՝ մարդկանց մուտքը կանխելու նպատակով։ Հանրակացարանային շենքի բնակիչներին վերաբնակեցնելուց հետո Շենգավիթ վարչական շրջանի կողմից շենքի հսկողությունն իրականացնելու համար լիազոր ներկայացուցիչ նշանակված Հարություն Հարոյանը նշել է, որ շենքի փլուզված մասնաշենքը մշտական հսկողության տակ է եղել, որպեսզի որևէ մեկը, մինչ քանդման աշխատանքներն սկսելը, մուտք չգործի փլուզման վտանգ ներկայացնող շինություն։ ՙՀանրակացարանի երկու մասնաշենքերն էլ արդեն 3 օր է նախապատրաստվում են քանդման աշխատանքներն սկսելուն։ Մինչ շենքի առաջին մասնաշենքի ինքնափլուզվելը, շենքի երկրորդ մասնաշենքում դեռևս բնակվում էին 2 ընտանիքներ, որոնք չէին տեղափոխվում հատկացված բնակարաններ՝ փաստաթղթերի և ներընտանեկան խնդիրների պատճառով։ Նրանց առաջարկեցինք հրատապ կերպով տեղափոխվել դեռևս 2013-ին իրենց հատկացված բնակարանները և թվարկված խնդիրների լուծմամբ զբաղվել՝ բնակվելով նոր բնակարաններում՚,- ընդգծել է Վահե Նիկոյանը։