Բավ է պառակտվել
25-02-2014 13:32

Մարտի 1-ին հանրահավաքի են պատրաստվում մոտ 3000 ազատամարտիկներ

Ազատամարտիկների ռազմադաշտային ընդլայնված խորհուրդը մարտի 1-ին հավաքվելու է Սարյանի պուրակում եւ պայքարելու իշխանությունների դեմ: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` կոչ անելով ազատամարտիկներին միանալ իրենց հավաքին:

«Երկրապահ կամավորների միության համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին: Այդ պատճառով մարտի մեկին տղերքով հավաքվելու ենք Սարյանի պուրակում: Կոչ ենք անում բոլորին միանալ մեզ»,- ասաց նա:

Ազատամարտիկը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ է լինելու այդ օրը. «Կգաք, կտեսնեք, թե ինչ կանենք մենք: Ամեն դեպքում մենք պայքարելու ենք իշխանությունների դեմ»:

Լրագրողների հարցին` արդյոք ազատամարտիկները միանալո՞ւ են Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքին, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Սա ՀԱԿ-ի հանրահավաքը չէ, որովհետեւ այնտեղ է լինելու ժողովուրդը: Մենք ժողովրդի կողքին ենք լինելու»:

Իր հերթին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը հույս հայտնեց, որ իրենց հավաքին նույնպես շատ մարդ կլինի. «Մոտավորապես 3 հազար ազատամարտիկ է լինելու: Ասեմ նաեւ, որ մեր հավաքը գարունն է հետ բերելու»:

Նշենք, որ մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում նաեւ ՀԱԿ-ը, որի ժամանակ ելույթ կունենա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցներն ու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմնակիցների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել էր 10 քաղաքացի: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: