Բավ է պառակտվել
29-05-2014 09:00

Այսօր նշվում է Համբարձման տոնը

Սուրբ Հարությունից 40 օր հետո Տեր Հիսուս Քրիստոս համբարձվել է երկինք. Հայ Առաքելական սուրբ եկեղեցին սա նշում է առանձնակի ցնծությամբ: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Համբարձման տոնն ունի 35 օրվա շարժականություն` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը, և միշտ նշվում է հինգշաբթի: Այս տարի Համբարձման տոնը նշվում է այսօր:
Հարությունից հետո Քրիստոս 40 օր երևում էր Իր աշակերտներին և այդ ընթացքում Իր վարդապետությունն էր ուսուցանում նրանց: Վերջին հանդիպման ժամանակ օրհնել ու պատգամներ է տվել առաքյալներին, որից հետո համբարձվել է երկինք: «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա: Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: (Մատթ. 28:18-20):

«Ծաղկամոր կիրակի»
Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով, որոշ վայրերում այն կոչում են Ջանգյուլում: Հնում Համբարձման օրվա ժողովրդական տոնակատարություններն սկսվում էին նախորդ չորեքշաբթիից: Որոշ շրջաններում այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և հենց ապաստանում սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից ու շուտափույթ բժշկվում: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն, ըստ ժողովրդի, ունի բուժիչ հատկություն: Մարդիկ հավատացած են, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու հիշատակությունը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:
Պատմական հանգամանքների թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում էր հանգրվանել Հայրապետական Աթոռը: Վաղարշապատում գումարված ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ 1441 թվականի Համբարձման տոնին Հայրապետական Աթոռը վերահաստատվեց լուսավորչահիմն Սուրբ Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, և որտեղից դարեր շարունակ հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն բաշխվում է այն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին: