11-09-2014 20:59

Լուծվում են համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ լուծվել են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել են Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները:
Հրատապ լուծում են պահանջում նաև ս.թ. մարտի 30-ի ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրները` Ծակքարի դպրոցի մասնակի, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի նորոգումը: Այս խնդիրները արագորեն չլուծելու դեպքում կպահանջվեն ավելի մեծ ֆինանսական ներդրումներ: Ուստի կառավարությունը նշված աշխատանքների կատարման համար հատկացրել է 147 մլն դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ համայնքային այցելությունների ժամանակ բնակչությանը տրված բոլոր խոստումները կատարվել են:
Մեկ այլ որոշմամբ հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները: Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մարզպետների հետ սերտ գործակցությամբ շատ արագ ավարտել նվիրատվության գործընթացը: «Ձգձգել պետք չէ: 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Նիստում որոշվել է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնել գարնանային հեղեղումների հետևանքով վնասված ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ևս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին: Առաջարկվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից և այլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչև 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաև մանրամասն ճշգրտել, թե ինչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում: Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: